Չինաստանն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Թայվանին 1,42 մլրդ դոլարի զենքի նախատեսված վաճառքի առնչությամբ
Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին անհապաղ չեղարկել Թայվանին 1,42 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին «սխալ որոշումը»՝ ասելով, որ այն հակասում է երկրի ղեկավար Սի Ցզինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ֆլորիդայում ապրիլին ձեռքբերված համաձայնությանը, հայտնում է Reuters գործակալությունը:
Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել էր, որ Կոնգրեսը տեղեկացվել է Թայվանին զենքի վաճառքի որոշման մասին, ինչից հետո Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վաճառքը սխալ ուղերձ կհղի Թայվանի անկախության համար պայքարող ուժերին:
«Չինաստանի իշխանությունները և Չինաստանի ժողովուրդն ունեն վրդովվելու բոլոր իրավունքները»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:










