Հուլիսի վերջին Վրաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը
Հուլիսի վերջին Վրաստան կայցելի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Այդ մասին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը, հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Մենք ուրախ ենք հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կայցելի Վրաստան: Փոխնախագահը հանդիպում կունենա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի և մյուսների հետ: Նա նաև կայցելի ամերիկացի և վրացի զինվորականներին, որոնք կմասնակցեն «Noble Partner» զորավարժություններին»,- ասված է դեսպանատան հայտարարությունում:
ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Մայք Փենսը հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը կայցելի Էստոնիա, Վրաստան և Չեռնոգորիա:
ՆԱՏՕ-ի «Noble Partner – 2017» զորավարժությունները Վրաստանում սկսվելու են հուլիսի 30-ին: Դա Վրաստանում երրորդ «Noble Partner» զորավարժություններն են, և այս տարի դրանք լինելու են ամենամասշտաբայինը: Զորավարժություններն անցկացվելու են Թբիլիսիի մոտակայքում Վազիանի ռազմաբազայում: Այս տարի զորավարժություններին կմասնակցեն ութ երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները:










