Բունդեսթագն օրինականացրել է միասեռականների ամուսնությունը. Մերկելը դեմ է քվեարկել
Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, հավանության է արժանացրել միասեռականների ամուսնության մասին օրենքը: Օրենքին կողմ է քվեարկել 393 պատգամավոր, դեմ՝ 226-ը, 4 հոգի ձեռնպահ է մնացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մինչ այժմ Գերմանիայում միասեռական զույգերի միջև գրանցվում էին միայն քաղաքացիական միություններ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ է քվեարկել օրենքի ընդունմանը և ընդգծել է, որ դա իր անձնական որոշումն է: Նա հույս է հայտնել, որ պատգամավորների կայացրած որոշումը կհանգեցնի հանրության շրջանում հանգստության հաստատման:
Անգելա Մերկելը նախկինում էլ է դեմ հանդես եկել միասեռականների ամուսնության օրինականացմանը՝ փաստարկելով իր դիրքորոշումը «մանուկների բարեկեցությունն» ապահովելու անհրաժեշտությամբ:
Այնուամենայնիվ, հունիսի 26-ին Brigitte կանանց ամսագրի երեկույթին Մերկելն անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել: Նա նշել է, որ ցանկանում է, որ իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորները միասեռական ամուսնությունների հարցի շուրջ քվեարկեն «այնպես, ինչպես թելադրում է նրանց խիղճը»: Մերկելը դա բացատրել է այն հանգամանքով, որ վերջերս իրադարձություն է տեղի ունեցել, որը «փոխել է իր կյանքը»՝ նկատի ունենալով վերջերս իր հանդիպումը լեսբի զույգի հետ, որն ութ երեխա էր որդեգրել:
Կանցլերի խոսքով՝ իր դիրքորոշման վրա նաև ազդել է այն, որ մյուս կուսակցությունները պաշտպանում են օրենքը քվեարկության դնելու գաղափարը:
Օրենքը պաշտպանելու մասին են հայտարարել նաև Քրիստոնեա-սոցիալական միությունում, որի հետ Մերկելի կուսակցությունը միասնական դաշինք է կազմում:










