Հավայի նահանգը հայց է ներկայացրել դատարան՝ խնդրելով պարզաբանել մուտքի արգելքի մասին Թրամփի հրամանագրի վերաբերյալ վճիռը
ԱՄՆ Հավայի նահանգը խնդրել է Հոնոլուլուի դաշնային դատավորին պարզաբանել ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որը մասամբ թույլ է տվել ուժի մեջ մտցնել առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին երկրի նախագահի հրամանագիրը, հայտնում է Reuters գործակալությունը:
Դատական հայցում նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը խախտում է Գերագույն դատարանի հրահանգները՝ սխալ կերպով բացառելով մարդկանց, ովքեր իրականում սերտ ընտանեկան կապեր ունեն ԱՄՆ-ում բնակվող մարդկանց հետ:
Ինչպես նշված է հայցում, հինգշաբթի Թրամփի վարչակազմի հրապարակած ուղեցույցը չափազանց նեղ է ընկալում, թե որ ընտանեկան կապերը թույլ կտան այդ երկրների քաղաքացիներին ԱՄՆ այցելել:
«Հավայիում «մերձավոր բարեկամները» ներառում են մարդկանց, որոնք դաշնային կառավարությունը որոշել է դուրս թողնել դրա սահմանումից: Այս չափազանց սահմանափակ սահմանումը հնարավոր է՝ խախտում է Գերագույն դատարանի որոշումը»,- ասել է Հավայիի գլխավոր դատախազ Դուգլաս Չինը:
Դատական հայցի ներկայացմանը զուգընթաց հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգշաբթի վերանայել է իր որոշումը և հայտարարել, որ նշանածները նույնպես կհամարվեն ընտանիքի մոտ անդամներ և հետևաբար՝ նրանց թույլ կտրվի այցելել Միացյալ Նահանգներ այն ընթացքում, երբ երկրում ուժի մեջ է մտել վեց երկրի քաղաքացիների մուտքի արգելքը:
Երեկ հաղորդվել էր, որ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները, որոնց համաձայն այդ երկրի քաղաքացիներից կպահանջվի ապացուցել ընտանիքի մերձավոր անդամների կամ բիզնես կապերի առկայությունը Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ հունիսի 28-ին ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեն, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում: Նշվում էր, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ:
ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի՝ մասամբ վերականգնելով առավելապես մահմեդական բնակչությամբ 6 երկրի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանագրի ուժը և թույլ տալով ժամանակավոր արգելքի ուժի մեջ մտնելը Միացյալ Նահանգների հետ սերտ կապեր չունեցող մարդկանց համար: Ավելի վաղ ստորադաս դատարանի որոշումներն արգելափակել էին մարտի 6-ի հրամանագրի առանցքային հատվածները:
Դաշնային դատավորները երկու անգամ կանգնեցրել են նախագահի հրամանագրի իրագործումը, որով սահմանափակվում էր ԱՄՆ մուտքը մի շարք երկրների քաղաքացիների համար:
Թրամփը մարտի 6-ին ստորագրել է նոր հրամանագիր, որն ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելք է սահմանում հիմնականում մահմեդական բնակչությամբ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վեց երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:
Առաջին նմանատիպ հրամանագիրը Թրամփը ստորագրել էր հունվարի 27-ին, այսինքն՝ երդմնակալությունից մեկ շաբաթ անց: Այդ հրամանագրում «սև ցուցակում» ներառվել էր 7 պետություն՝ այդ թվում Իրաքը, որը երկրորդ տարբերակում հանվել է ցուցակից:










