Ավազակային հարձակում Երևանում.«ՍԱՍ» սուպերմարկետից անհայտ անձը գումար է հափշտակել և դիմել փախուստի

19:22 • 30.06.17

Հունիսի 30-ի առավոտյան  ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Թումանյան փողոցում գործող « ՍԱՍ» սուպերմարկետում:

Ավազակային հարձակման մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա ասաց, որ ավազակային հարձակման դեպք գրանցվել է.« Նման հաղորդում ունենք: Զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով սուպերմարկետի դրամարկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահ Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ: