Նյարդաբանի զննության արդյունքում Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել

12:37 • 30.06.17

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նյարդաբանի զննությամբ կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի մոտ օջախային նշաններ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը հունիսի 29-ին միջնորդություն էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին՝ իր պաշտպանյալին բժշկական զննության ենթարկելու համար, «…հատկապես պարզել գլխուղեղի ցնցում ստանալու վերաբերյալ փաստը»:

Նշենք, որ հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում խոշտանգման ենթարկված Արայիկ Խանդոյանի պաշտպանը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ ասելով, որ Արայիկ Խանդոյանը խոշտանգման է ենթարկվել հենց դատարանի շենքում: