Սեֆիլյանի գործով ամբաստանյալներից շատերը ոտքի չեն կանգնում. դատարան են հրավիրվել նաև ՄԻՊ ներկայացուցիչներն ու շտապօգնությունը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով, ինչից հետո գործում ներգրավվեց նոր պաշտպան՝ Կարեն Հակոբյանը, ով պաշտպանելու է ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի շահերը։
Նիստի մեկնարկին Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը և Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեցին, որ իրենք տեղեկություններ ունեն, որ դատարանի շենքում գտնվող խցերում իրենց պաշտպանյալները խոշտանգվում են, բռնության են ենթարկվում։
Պաշտպանները պահանջեցին, որպեսզի նիստը նախագահող դատավորը վերանայի նրանց նկատմամբ կիրառված սանկցիան և նրանց ներկայացնեն նիստերի դահլիճ, որպեսզի համոզված լինեն,որ նրանք անվտանգ են։
Սակայն, դատավորը չէր թույլատրում, որպեսզի պաշտպանները հանդես գան հայտարարությամբ, ինչին պաշտպանները հակադարձեցին,որ շտապ հայտարարություն ունեն և շարունակեցին դրանք ներկայացնել։
Տիգրան Եգորյանը նաև պահանջեց, որպեսզի դատարանը ներկայացնի,թե որքան ժամանակ է մնացել Սաֆարյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ավարտին,սակայն դատարանն ասաց, որ դեռ ժամանակ կա։
Միաժամանակ նիստը նախագահող դատավորն ասաց, որ դատարանն իր որոշումը կվերանայի այն դեպքում, եթե պաշտպանները երաշխավորեն, որ Սեֆիլյանն ու Սաֆարյանը չեն խախտի դատավարության կարգը, հարգալից վերաբերմունք կցուցաբերեն դատարանի նկատմամբ, որովհետև նրանք դահլիճից հեռացվել են դատարանի պահանջը չլսելու և ոտքի չկանգնելու համար։
Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին նրանց նիստերի դահլիճ բերելու համար։
Նիստն ընդմիջվեց 30 րոպեով, որի ընթացքում դատարան էր հրավիրվել շտապօգնության ծառայություն։ Բժիշկները հրաժարվեցին հայտնել, թե ում են բուժօգնություն ցուցաբերելու, սակայն ամբաստանյալների հարազատները պնդում էին, որ վատացել է Սասունիկ Կիրակոսյանի ինքնազգացողությունը։
Ինչ վերաբերում է խոշտանգելու մասին պաշտպանների հայտարարությանը, դրա առնչությամբ դատարան էին այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գևորգ Սաֆարյանի հարազատներին փոխանցեց, որ ՄԻՊ աշխատակիցներին Սաֆարյանը բառացի ասել է հետևյալը. «Սաֆարյանն ասել է, որ ինքը դատարանի շենքում բռնության չի ենթարկվել»։
Նիստի մեկնարկին դատարան բերվեց Գևորգ Սաֆարյանը, դատարանը հայտնեց, որ նիստերի դահլիճ կբերվեն նաև Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը։ Այդ ընթացքում սակայն կրկին դատական սանկցիա կիրառվեց։ Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց Գալուստ Գրիգորյանին՝ ոտքի չկանգնելու համար, սանկցիա կիրառվեց նոր դատարանի դահլիճ բերված Գևորգ Սաֆարյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ։ Նրանք նախազգուշացվեցին՝ կրկին ոտքի չկանգնելու համար։
Դատական նիստը շարունակվում է, Սեֆիլյանն ու Պողոսյանը վերադարձվեցին։
Տասը րոպե ընդմիջումից հետո «ոտքի դատարանն է գալիս» հրահանգի ժամանակ կրկին ոտքի չկանգնեցին Ներսես Պողոսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Հրայր Թոփչյանը և Գևորգ Սաֆարյանը։ Սեֆիլյանն ու Պողոսյանը նախազգուշացվեցին, իսկ Հրայր Թոփչյանն ու Գևորգ Սաֆարյանը կրկին հեռացվեցին նիստերի դահլիճից 10 ժամ ժամանակով։
Դատական նիստը կրկին ընդմիջվեց։










