Հրվ. Կորեայի նախագահն ասել է Հս. Կորեայի հետ երկխոսություն սկսելու նախապայմանը
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը Վաշինգտոնում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային սադրանքներին վերջ տալը կամ այնտեղ ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելը կարող են հիմք դառնալ Փհենյանի հետ երկխոսություն սկսելու համար:
«Օրինակ՝ մենք կարող ենք երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ, երբ այդ երկիրը խոստանա դադարեցնել միջուկային և բալիստիկ սադրանքները, կամ էլ, օրինակ, երկխոսության համար հուսալի նախապայման կարող է դառնալ Փհենյանի կողմից այնտեղ պահվող 3 ամերիկացիներին ազատ արձակելը»,-ասել է հարավկորեացի ղեկավարը:
Չժե-ինն ընդգծել է, որ երկխոսության վերջնական նպատակը Հյուսիսային Կորեայի վիճահարույց միջուկային ծրագրի ոչնչացումն է, ինչը, ըստ Հարավային Կորեայի նախագահի, պետք է իրականացվի փուլ առ փուլ:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին իրավիճակը շարունակում է լարված մնալ Կորեական թերակղզու շուրջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել է գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»:
Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը










