Մարտունու պանրագործական ընկերությունը բողոքում է իր մոտակայքում գործող ԱԳԼՃԿ-ից. ԱԻՆ-ը բողոքին ընթացք է տվել

16:29 • 01.07.17

Tert.am–ի խմբագրություն էր դիմել «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ–ի տնօրենը՝ բողոքելով, որ  Գեղարքունիքի մարզի Աբովյան 1 հասցեում իր պանրագործարանի անմիջիական հարևանությամբ գտնվող «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի կողմից օգտագործվող ԱԳԼՃԿ-ն շահագործվում է նմանատիպ օբյեկտների շահագործման համար սահմանված նորմերի խախտումներով:

ԱԻՆ ուղարկված հարցմանն իր պատասխան նախարարությունից տեղեկացրեցին, որ քաղաքացու դիմումին ընթացք է տրվել, և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ից պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետներում բարձրացնել տվյալ ԱԳԼՃԿ-ի անվտանգության աստիճանը:

Նշենք, որ խմբագրություն ուղարկած նամակում պանրագործարանի  տնօրենը նշել էր, որ իր կողմից բարձրացված հարցը նոր չէ, եղել է  տարիներ շարունակ և տարիներ շարունակ թողնվել է անպատասխան:

««Մարտունու Պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող շենք շինությունների և մարդկանց կյանքին ԱԳԼՃԿ-ի սպառնացող վտանգավորության ռիսկը դարձել է ահագնացող և ցանկացած պահի կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, քանի որ կուտակիչ բունկերը պետք է տեղադրված լիներ ստորգետնյա կարգով, նմանատիպ պայթունավտանգ սարքավորումների տեղադրման և շահագործման համար սահմանված ստանդարտների համապատասխան, սակայն տեղադրված է վերգետնյա և բացակայում է որպես պաշտպանիչ շերտ, պանրագործարանին պատկանող պարսպի զգալի հատված, որի վրա ամրացված են ԱԳԼՃԿ-ի գազատար խողովակները և էլ. մալուխները, թեքվել են, առաջացել է փլուզման վտանգ, պարզ չէ՝ գազատար խողովակնե՞րն են կանխում փլուզումը, թե պարիսպն է մի կերպ դիմանում, որի զգալի հատվածները փլուզվել են, և, ըստ փորձագետի եզրակացության, ԱԳԼՃԿ-ի շահագործման հետևանք է»,- տեղեկացրել էր պանրագործարանի սեփականատերը:

Ըստ նրա, սրանով, մասնավորապես, խախտվել է  կառավարության 28.08.2011թ. համապատասխան՝ ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ կառուցման և  շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշումը, ըստ որի՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքն օգտագործվում և բաժնավորվում է ԱԳԼՃԿ-ում, որը տեխնիկապես համապատասխանում է սույն կանոնակարգի և մի շարք այլ  պահանջների, ըստ որոնց՝ ԱԳԼՃԿ–ն է՝ բնական գազի կոմպրեսացված վառելիքի բաժնավորման համար օգտագործվող բոլոր կառույցների և տեխնոլոգիական սարքավորումների նախագծումը, տեղադրումը, փորձարկումը, գործարկումը, շահագործումը, պահպանումը, վերանորոգումը և ապագործարկումը պետք է իրականացնի  այնպես, որ` վերացվեն բնական գազի կոմպրեսացված վառելիքի հետ կապված գործողություններից բխող ռիսկերը:

Թաթուլ Բաղդասարյանը հավելել էր նաև, որ պահապանված չէ գազալցակայանի և հարևան շինությունների միջև նորմերով պահանջվող 50մ միջտարածությունը, ապահովված չէ գազի կուտակիչների տեղամասից մինչև կոմպրեսորային կայանը պահանջվող 10մ հեռավորությունը: Խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի 1-ի կետը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»:

Արտակարգ իրավիճակների նախարարության՝ խմբագրություն ուղարկված պատասխանում նշվում է, նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը «Պավել և ընկերներ. ՍՊԸ-ից պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետներում ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի անվտանգության աստիճանը բարձրացնել և համապատասխանեցնել ԱՎՕ-ների նկատմամբ անվտանգության պահանջների միջազգային չափանիշներին` իրականացնելով մի շարք հակահրդեհային բնույթի միջոցառումներ և շինարարական լուծումներ, որոնք, իրենց հերթին, չեն հակասի տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներին: Այն է, որ տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առևտուրն ավելի, քան անհրաժեշտ է:  

Միաժամանակ,  «Պավել և ընկերներ» ՍՊ ընկերությանն առաջարկվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության հետևյալ ռիսկերը. արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով իր աշխատողների, ինչպես նաև աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը և գույքին պատճառված վնասները,արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում և դրա հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասները:

Բացի այս նախարարության տեխնիկական անվտանգության տեսչությունը 2016թ.-ի նոյեմբերից առ այսօր անվտանգության նորմերի վերաբերյալ մոտ 133 տեղեկատվական ծանուցում-նամակ է ուղարկել ԱԳԼՃԿ-ներ, որոնց նպատակն է աջակցել տնտեսվարողներին օբյեկտների անվտանգության շահագործման հարցում:

Նախարարության պատասխանում նշվում է, որ այս աշխատանքներն իրականացվում են նախքան ԵԱՏՄ-ի ու եվրոպական ստանդարտների  հետ ՀՀ հակահրդեհային և այլ տեխնիկական կանոնակարգերի համապատասխանեցումը:

Նախարարությունից նաև նշել են, որ համաձայն՝ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի տեխնիկական կանոնակարգման հիմնական նպատակներից է Հայաստանում տեխնիկական պահանջների ներդաշնակեցումը, որի ուղղությամբ էլ ներկայումս ՀՀ-ում ակտիվ քննարկումներ են տարվում։

Արդեն իսկ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ ստեղծված են համապատասխան աշխատանքային խմբեր, որոնց կողմից նախագծին հավանություն տալուց հետո այն ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ սահմանված կարգով ներպետական համաձայնեցման համար: