Եթե ոստիկանի գլուխն էլ ջարդեն, բայց այդ ընթացքում ինչ-որ մեկի մոտ կապտուկ առաջանա ոստիկա՞նն է մեղավոր. նախկին ոստիկանապետ
Եթե դատարանի նկուղում «Սասնա ծռերի» գործով մեղադրյալներից ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին և մյուսներին ծեծել են, ապա դատապարտելի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, ԱԺ « Հայաստանի Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
«Բայց ես չգիտեմ ինչ է կատարվել, միշտ մի կողմն եք նայում, այսինքնն, եթե ոստիկանի գլուխն էլ ջարդեն, ինքն ընդամենը պաշտպանվի, այդ ընթացքում ինչ -որ մեկի մոտ կապտուկ առաջանա, ոստիկանը մեղավո՞ր է, թողեք, թող գլուխը ջարդեն»,-ընդգծեց նա:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ բոլորը պետք է սպասեն, որ ծառայողական քննությունը պարզի, թե ինչ է եղել:
«Փորձաքննություն կնշանակվի, դատաբժիշկն էլ իր եզրակացությունը կներկայացնի, բացի եզրակացությունը տուժողն ինքը կարող է ցուցմունքով հանդես գալ, թե իրեն ով է հարվածել, պետք է սպասել, ենթադրություններ չանել»,-շեշտեց նա:
Ալիկ Սարգսյանի դիտարկմամբ՝ այսպիսի գործընթացները սովորաբար կարճ են տևում և շատ սպասելու կարիք չի լինի:
Ինչ վերաբերում է փաստաբանների՝ դատարանում խուզարկության դեպքերին, ապա նախկին ոստիկանապետն ասաց.«Փաստաբաններին խուզարկելը դատարանի խնդիրն է, պետք է դատարանի հետ պարզել»,-նշեց նա:
Մանրամասները՝տեսանյութում:










