Եթե սեփականատերը հողի վրա ներդրում չի կատարում, այն պիտի վաճառվի. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Եթե մարդը բացակայում է, բայց ունի հող ու դրա վրա ներդրում չի անում, ինչո՞ւ չպիտի դա չվաճառվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող նախագծին, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում։ Հակառակ դեպքում՝ հողերի հարկադիր աճուրդի հարցով օրինագծի ընդունման դեպքում, դրանով կզբաղվեն համայնքապետերը։
«Ես կողմ եմ այդ ծրագրին, խոսքն անշարժ գույքի մասին չէ, հողի մասին է: Ես կարծում եմ, որ տեղում մարդը ներկա պիտի լինի, օրինակ, մերձբալթյան երկրներում կեցության ցենզ կա, այսինքն՝ մարդը ապրել ա, իրա հողին կպած մնացել է, որոշակի առաջնայնության պայման պիտի ունենա»,- շեշտեց նա:
Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որպեսզի հողատերը կառչած լինի հողին: Մելքումյանի դիտարկմամբ՝ տարբեր մեթոդներ կան՝ ջրի, հողի հարկի քաղաքականությունից սկսած մինչև գյուղատնտեսական ապահովագրություն:
Միքայել Մելքումյանը նաև ընդգծեց, որ այն անձը, որ Հայաստանում չէ և հող ունի,իսկ հարազատները, ընտանիքի անդամները ցանկանում են մշակել, կարող է հողատարածքը նվիրատվություն անել:
Մանրամասները՝տեսանյութում:










