«Սասնա ծռերից» 18-ի գործով 16 ամբաստանյալները հեռացվեցին նիստերի դահլիճից, 2-ը՝ նախազգուշացվեցին

13:39 • 03.07.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի,  Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի,Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի,Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, 

Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատական նիստն առաջին անգամ ընդմիջվեց՝ դատարանի շենքում գտնվող պաշտպաններից մի քանիսի ներկայությունն ապահովելու համար,սակայն պաշտպանները կրկին հրաժարվեցին խուզարկվելուց և նիստը կրկին մեկնարկեց առանց նրանց ներկայության։

Դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավորն արձանագրեց, որ «Սասնա ծռերն» անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ և ոտքի չեն կանգնել։

Դատարանը,բացառությամբ Արամ Մանուկյանի, ով հենակներով է քայլում, մյուսների նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում։

Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանն ասաց,որ հայտարարություն ունի և առանց ոտքի կանգնելու ասաց.«Իսկ դուք հարցրեցի՞ք պատճառը, թե ինչու ոտքի չենք կանգնում, կամ արդյոք Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելու պատճառն առողջական խնդիրներն են։ Դատարանին չի՞ հետաքրքրում,թե ինչու ոտքի չենք կանգնում»։

Նիստը նախագահող դատավորն ասաց, որ Կյուրեղյանին տեղից խոսելու իրավունք չի տվել։ Նրա նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից հեռացում, չնայած նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճում չէր։

Ընդմիջումից հետո, սակայն,Սերգեյ Կյուրեղյանը բերվեց նիստերի դահլիճ,սակայն «Ոտքի՛, դատարանն է գալիս» հրահանգի ժամանակ կրկին ամբաստանյալները ոտքի չկանգնեցին։

Դատարանն արձանագրեց փաստը և դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալների 16-ի նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացում, իսկ երկու ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանն ու Սերգեյ Կյուրեղյանը նախազգուշացվեցին։

Թե քանի ժամով են ամբաստանյալները հեռացվել դատական նիստերի դահլիճից,դատարանը նախքան ընդմիջում հայտարարելը չհայտնեց։

Նիստը շարունակվում է։