10 տարի առաջ այս օրը Ստամբուլում սկսվել է Դինքի սպանության գործով դատական գործընթացը
Տասը տարի առաջ այս օրը Ստամբուլում սկսվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացը: Այս առիթով «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հավաքվել են Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց և հատուկ հայտարարություն տարածել, գրում է «Ակօսը»:
«10 տարի է անցել, սակայն մեղավորները դեռ չեն պատժվել, չեն դատապարտվել: Մենք կրկնում ենք, ինչպես որ ասել ենք 10 տարի շարունակ՝ հետևելու ենք այս գործին, մինչև դատապարտվեն բոլոր մեղավորները», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեղադրանքով դատական գործեր:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:










