Ֆրանսիայում 8 մարդ է վիրավորվել մզկիթի մոտ հնչած կրակոցների հետևանքով
Ֆրանսիայի հարավում գտնվող Ավինյոն կոմունայում մզկիթի առջև հնչած կրակոցների հետևանքով 8 մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ հետաքննությանը մոտ աղբյուրի համաձայն՝ փոխհրաձգությունը հաշիվների մաքրում է եղել, այլ ոչ ահաբեկչական հարձակում:
Ինչպես հայտնել է աղբյուրը, վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են: Նա հավելել է նաև, որ մզկիթից դուրս եկող հավատացյալները չեն եղել կրակոցների թիրախում:
La Provence շրջանային թերթը, վկայակոչելով դատական աղբյուրի, հայտնել է, որ ոստիկանությունը չի դիտարկում դեպքը որպես ահաբեկչություն: Համաձայն տեղեկությունների՝ այն եղել է երիտասարդների միջև վիճաբանություն:
Ականատեսների հաղորդմամբ՝ դեմքը փակ երկու զինյալներից մեկը կրակոցներ է արձակել երեկոյան ժամը 10:30-ին: Նրանք այնուհետև փախել են դեպքի վայրից:
Հաղորդվում է, որ վիրավորներից ոչ մեկ չի ստացել կյանքին սպառնացող վնասվածքներ:










