Ընտրակաշառք, պետծառայողների՝ նախընտրական շտաբերում ներգրավվածություն և ճնշումներ շարքային քաղաքացիների վրա. մոնիտորինգ

14:02 • 03.07.17

Ընտրակաշառք, աշխատանքային ժամերին պետական և համայնքային ծառայողների ներգրավվածություն նախընտրական շտաբերի աշխատանքին, կրթական հաստատությունների՝ մանկապարտեզների ու բուժական հաստատությունների աշխատակիցների վրա ներազդում:  

Սրանք «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» կողմից անցկացված մոնիտորինգի արձանագրած 3 հիմնական խախտումներն են: Այս մասին «Վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիթորինգի արդյունքների» վերաբերյալ ասուլիսին հայտարարեց կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Ամենից տարածվածը ընտրակաշառքներն են՝ մոտ 90 դեպք: Սա կարող է քիչ երևալ, բայց սա որոշակի կոնկրետիկա կարող է ունենալ: Հիմնականում ընտրակաշառքը բաժանվում էր Հանրապետականի կողմից, կային նաև «Ծառուկյան» դաշինքի, «Հայկական վերածնունդի» վերաբերյալ նյութեր: Նորից եմ ասում՝ սա ամենատարածվածն է, և կարծես թե ընտրակաշառքն էլ իր դերը խաղաց ընտրությունների արդյունքների ձևավորման վրա»,-ասաց նա՝ նշելով, որ քանի որ ընտրակեղծարարությունն ընդունել է համակարգային բնույթ, չի ակնկալում, որ կոնկրետ փաստերը կհանգեցնեն ինչ-որ լուրջ արդյունքների։

Մինչդեռ, ըստ նրա, եթե լիներ իրավապահ մարմինների «պրոակտիվ մոտեցումը», ապա որոշակի կոնկրետություն ունեցող փաստերը կլինեին իրենց հետաքննության առարկա:

«Այսինքն, երբ լրատվամիջոցներն ասում էին՝ այսինչը ընտրակաշառք է բաժանում, կամ այնինչը ասել է, որ ընտրակաշառք է բաժանում: Կամ այսինչ հասցեներում ընտրակաշառքներ են բաժանվում»,-պարզաբանեց բանախոսը:

Նշենք, որ մոնիտորինգն իրականացվել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Արձանագրված խախտումները ինչպես ընտրական են, այնպես էլ դիտարկվել են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր:

Երկրորդ հիմնական խախտումը աշխատանքային ժամերին պետական և համայնքային ծառայողների ներգրավվածությունն էր նախընտրական շտաբերի աշխատանքին: Այս առումով արձանագրվել է 59 կոնկրետ դեպք: Այսինքն՝ 59 դեպք, երբ պետական ծառայողները նկատվել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբերում աշխատանքային ժամերին:

«Ասեմ՝ վարչական ռեսուրսին տիրապետում են այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության մեջ են գտնվում: Օրինակ՝ ընդդիմադիր որևէ կուսակցություն վարչական ռեսուրս չի կարող ունենալ»,-բանախոսը նկատեց, որ թեև մարզպետներ ունեցող Դաշնակցության պարագայում նման մեծամասշտաբ խախտումներ չեն եղել, բայց որոշ չափով եղել են:

Իր տարածվածությամբ երրորդ ընտրախախտումը մանկապարտեզների ու բուժական հաստատությունների աշխատակիցների վրա ներազդումն է:

Խոսքը և՛ ճնշումների, և՛ նրանց նախընտրական շտաբերում ներգրավելու մասին է: Գրանցվել է կոնկրետ 36 դեպք, երբ վերադասը նրանց ստիպել է մասնակցել շտաբերի աշխատանքներին կամ մասնակցել քվեարկության:

Նրա խոսքով՝ Հայաստանում հիմնական ճնշումները լինում են շարքային քաղաքացիների ու ընտրողների վրա, ի տարբերություն հետսովետական այլ երկրների, որտեղ ճնշումը ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստների նկատմամբ է։

Նշենք, որ սա կազմակերպության կողմից անցկացված 5-րդ մոնիտորինգն է, այսինքն՝ բոլոր համապետական ընտրություններին: Միայն այն տարբերությամբ, որ նախորդ անգամներին հիմնական շեշտը դրվել է նախընտրական քարոզչության մոնիտորինգի վրա, սակայն 2012-ին փորձը ցույց է տվել, որ ավելի լուրջ խնդիր է վարչական ռեսուրսի չարաշահումը: Մանավանդ, որ այդ մասին հստակ արձանագրումներ կան ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցներում:

Ինչ վերաբերում է իրականացված դիտարկման մեթոդաբանությանը, ապա օգտագործվել է 2 հիմնական գործիք՝ լրատվամիջոցներից քաղված տեղեկությունները և ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության դիտորդների փոխանցած տվյալները: Հարցումներն արվել են Երևանում և ևս 12 քաղաքներում: