Արաբական երկրները երկարաձգել են Քաթարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը երկարաձգել են Քաթարին ներկայացված վերջնաժամկետի գործողությունը 48 ժամով, հայտնում է ABC News-ը:
Երկուշաբթի Քուվեյթը կոչ է արել արաբական գործընկերներին Դոհային լրացուցիչ ժամանակ տալ ներկայացված պահանջներին պատասխան տալու համար:
Վերջնաժամկետի գործողության ժամկետը լրացել է կիրակի երեկոյան:
Ավելի ուշ Եգիպտոսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ չորս արաբական երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն չորեքշաբթի Կահիրեում՝ քննարկելու համար Դոհայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Քաթարի իշխանությունները մերժել են երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների առաջադրած պահանջները, սակայն պատրաստ են երկխոսության:
Ավելի վաղ հաղորդվել է, որ չորս արաբական երկիր՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, Քաթարին է ներկայացրել 13 պահանջից բաղկացած ցանկ՝ պահանջելով խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել Քաթարում իր ռազմաբազայի տեղակայման հարցը, իսկ այն փակելու ցանկացած պահանջ կհամարվի Քաթարի հետ Անկարայի հարաբերություններին միջամտություն:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:










