Վայոց ձորում 32 կմ գետի վրա 19 ՀԷԿ է կառուցված, այդ գետն արդեն առու է դարձել. Օհաննես Ստեփանյան (տեսանյութ)
Մասնագիտությամբ ռեժիսոր, «Գեղաստղ» ծրագրի հեղինակ Օհաննես Ստեփանյանը գտնում է, որ արվեստագետը պետք հողին, գյուղին մոտ լինի: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե այս նպատակով ինքը գյուղ է գնացել և փորձել է հիմնել միջավայր, որը շահեկան կլինի գյուղացուն և հետաքրքիր կլինի տուրիստների համար:
«Մի համայնք ստեղծեցինք, համայնքը պայմանական է ասված, քանի որ մի քանի տուն է միայն, որտեղ տուրիստը կծանոթանա գյուղական բնական միջավայրին, այլ ոչ թե արհեստածին միջավայրին, որտեղ կկարողանա օգտվել մաքուր, անարատ սննդից: Ծրագիրը նախատեսված է Կոտայք, Գեղարքունիք, Արագածոտն և Վայոց ձորի մարզերի համար: Պետք է անասնապահության ու մեղվապահությանը զարկ տալ, որի միջոցով գյուղացուն պետք է ցույց տալ, որ ինքը կարող է ապրել ու պահել իր երկիրը: Իսկ զբոսաշրջիկը կծանոթանա հայկական հյուրասիրությանը»,- ներկայացրեց նա:
Սակայն Օհաննես Ստեփանյանը ծրագրի իրականացման ընթացքում խնդիրների է բախվել: Նա պատմեց, որ Վայոց ձորի Շատին համայնքում 4 տարի է անասնապահական տնտեսություն ունի, սակայն հիմա այդ ֆերմայի գործունեությունը վտանգի տակ է:
«Բարձրավոլտ էլեկտրացանցերի ներկայացուցիչները որոշեցին հենասյուն դնել բարձրավոլտ էլէներգիայի համար: Որպես տարածքի սեփականատեր՝ ինձանից 200 քառակուսի մետր տարածք գնեցին, սակայն դա հսկայական ավերածության պատճառ դարձավ: Հենասյունի կողքը՝ իմ տարածքով ճանապարհ բացեցին՝ իհարկե առանց ինձ հարցնելու, բացի այդ մոտ 1 հեկտար տարածք քարակույտերով է պատված: Հիմա անասունը, դուրս գալով գոմից, չի կարողանում բարձրանալ արոտավայր, քանի որ ճանապարհը փակ է»,- ասաց Ստեփանյանը:
Վերջինս հավելեց, թե վերոնշյալը միակ խնդիրը չէ, քանի որ, ըստ նրա, այդ էլեկտրասյունը նաև սողանքի պատճառ է դարձել: Նրա խոսքով՝ սյան հարակից տարածքում ճեղքեր են առաջացել։
«Մենք դիմեցինք ցանցերի տնօրենին, եկան ու ճեղքերը հողով լցրեցին: Իրենց թվում է՝ ճեղքը հողով փակելը կօգնի սողանցքի վերացմանը: Այս պահին դատ կա, դատարանի որոշմամբ չի կարելի տարածքում շինարարություն կատարել, սակայն ցանցերի տնօրինությունը շարունակում է աշխատանքներ կատարել տարածքում: Ստացվում է, որ բոլոր պետական կառույցների ասածն այդ մարդկանց համար օրենք չէ»,- շարունակեց Օհաննես Ստեփանյանը:
«Գեղաստղ» ծրագրերի հեղինակը շեշտեց, թե այս ամենի հետևանքով, ինքը չի պատկերացնում, թե տուրիստներին ինչպես կարող է էկոլոգիապես մաքուր համարվող հատված ցույց տալ: Սակայն սա միակ խնդիրը չէ՝ հարակից տարածքի գետը չորացման վտանգի տակ է, ինչն էլ իր հերթին խանգարել է գոմեշաբուծությանը:
«Մենք միտումնավոր էինք խոնավ հող ընտրել, որ կարողանայինք գոմեշաբուծությամբ զբաղվել, սակայն հիմա գետը չորանում է: Պատկերացնո՞ւմ եք՝ 32 կմ գետի վրա 19 ՀԷԿ է կառուցված, այդ գետն արդեն դարձել է առու: Հիմա մենք ինչպե՞ս կարող ենք զբոսաշրջիկին բացատրել, որ գետն առու է դարձել»,- եզրափակեց Ստեփանյանը:










