«Սասնա ծռերից» 18-ի գործով պաշտպանները կորոշեն հետագա դատաքննությանը մասնակցելու հարցը. նրանց արտահայտվելու հնարավորություն չի տրվում
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Դատարանը նիստի ընդմիջում էր հայտարարել, որպեսզի նիստերի դահլիճում ապահովվեր դատարանի շենքում գտնվող պաշտպանների ներկայությունը։ Սակայն, ընդմիջումից հետո դատարանի գալու պահին ոտքի չկանգնած ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց, այնուհետև կրկին նիստն ընդմիջեց, սակայն պաշտպանների ներկայության հարցին չանդրադարձավ։
Պաշտպան Գրիշա Բալասանյանը դատարանին հիշեցրեց, որ պաշտպանների ներկայության հարցին անդրադարձ չի արվել. «Հարգելի դատարան, Դուք մոռացաք կամ մոռացության մատնեցիք պաշտպանների ներկայությունն ապահովելու հարցը։ Դուք ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիա եք կիրառում՝ նրանց հեռացնելով նիստերի դահլիճից այն դեպքում, երբ պաշտպանները ներկա չեն»։
Նիստը նախագահող դատավորն ասաց,որ այդ հայտարարություններով հանդես գալու հնարավորություն պաշտպաններին կտա։
Նշենք, որ նախքան ընդմիջումը պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ դատարանի շենքում են գտնվում պաշտպաններ Մոնիկա Մարգարյանը, Մուշեղ Շուշանյանը և Ինեսսա Պետրոսյանը։
Դատարանը, սակայն, ասաց, որ մեկնում է խորհրդակցական սենյակ պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցով, որ նա հրաժարվել է զննության ենթարկվելուց, ինչի մասին արձանագրությունը դատարանին էր ներկայացրել դատական կարգադրիչը։
Պաշտպաններին արտահայտվելու հնարավորություն չտրվեց, ինչից հետո վերջիններս լքեցին դատական նիստերի դահլիճը։
Արամ Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն մասնակցելու դատական նիստին. «Ակնհայտ խախտումներով է ընթանում դատական նիստը, արտահայտվելու հնարավորություն չի տրվում, նիստն առանց պաշտպանների ներկայության է շարունակվում և վերջում էլ որոշում են սանկցիա կիրառել մեր գործընկերոջ նկատմամբ։ Մենք չենք մասնակցի դատական նիստին»։
Գործով պաշտպանները որոշեցին մեկ փաստաբանի անունից հայտարարությամբ հանդես գալ դատական նիստերի դահլիճում և լքել նիստը,սակայն նիստի վերսկսումից հետո դատարանը նրանց կրկին արտահայտվելու հնարավորություն չտվեց։
Դատարանը միայն հայտնեց, որ դատական նիստերի դահլիճն ինքնակամ լքելու համար փաստաբան Կարապետ Բադալյանը կենթարկվի դատական սանկցիայի, ինչի համար դատարանը գնաց խորհրդակցական սենյակ։
Տեղից դատավորներն ասացին, որ հայտարարությամբ են հանդես գալու, սակայն դատարանը կրկին հնարավորություն չտվեց։
Ինչ վերաբերում է պաշտպան Մոնիկա Մուրադյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուն, դատարանը կդիմի Փաստաբանների պալատին՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար։
Փաստաբանները բղավեցին, որ դատական նիստին չեն մասնակցի։
Ընդմիջումից հետո փաստաբան Հրանտ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փաստաբանները դեռ կորոշեն՝ կմասնակցե՞ն հետագա դատավարությանը, թե՞ ոչ. «Փաստաբանները դեռ պետք է որոշեն՝ հնարավո՞ր է մասնակցել դատաքննությանը, թե ամեն անգամ մեկի նկատմամբ դատական սանկցիա կիրառելով կհեռացնեն նիստերի դահլիճից։Մեզ համար անընդունելի պայմաններ են։Մարտավարություն են ընտրել բոլորիս՝ պաշտպաններին, ամբաստանյալներին հեռացնեն նիստերից և իրենց պլանավորած մարտավարությամբ դատական քննություն անցկացնեն»։
Պաշտպանները սպասում են դատական նիստի վերսկսմանը՝ հայտարարությամբ հանդես գալու համար։










