Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Զավեն Կարապետյանին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները հուլիսի 1-ին այցելել են ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին․ այս մասին Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչի երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր ընթացակարգերի համաձայն, այցելել է օրերս Բաքվում ձերբակալված Հայաստանի քաղաքացուն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ի առավոտյան Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր հունիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանին սահմանին հայկական ԶՈՒ զինծառայողի, իբր, գերի ընկնելու մասին։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, սակայն, հայտնել էր, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է:
Տղամարդը հայտարարել էր, թե ինքը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից է, սակայն այդ գյուղում նման անուն-ազգանունով մարդ երբեք չի բնակվել։ Պարզվել է՝ նա բնակվել է Վանաձորում։ Մանկատանը մեծացած Զավեն Կարապետյանը հոգեկան խնդիրներ ունի։










