Արդարադատության նախարարությունը ՌԴ-ի հետ համաձայնեցնում է Հրաչյա Հարությունյանի փոխանցման օրը. Վիգեն Քոչարյան
ՀՀ արդարադատության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում ՌԴ Պոդոլսկի մոտակայքում 2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած և 6,9 տարվա ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի փոխանցման օրը համաձայնեցնելու ուղղությամբ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը. «Արդարադատության նախարարությունը ներկայում միջոցներ է ձեռնարկում ՌԴ իրավասու մարմնի հետ դատապարտյալ Հ. Հարությունյանի փոխանցման օրը համաձայնեցնելու ուղղությամբ»:
Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության Ռասսկազովսկի շրջանային դատարանը սույն թվականի հունիսի 16-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հովսեփի Հարությունյանին պատժի մնացած մասը կրելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն փոխանցումը բավարարելու մասին:
Նշենք, որ Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու դատարանի որոշումը եթե չի բողոքարկվում, ապա ՌԴ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտնում որոշումը կայացնելուց 10 օր հետո:
Միջազգային պայմանագրով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման օրվա վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվում փոխանցումը բավարարելու մասին դատական ակտը պաշտոնապես ստանալուց հետո:










