Սահմանադրությունն Արցախի նախագահին կրկին առաջադրվելու հնարավորություն տալիս է և այստեղ իրավական սահմանափակում չկա. Է. Շարմազանով (տեսանյութ)

22:31 • 04.07.17

Շատ երկրներ կցանկանային ունենալ Բակո Սահակյանի  նման բարեկիրթ, ազնիվ, ազգային գաղափարախոսությամբ տոգորված, ժողովրդի դարդ ու ցավով ապրող նախագահ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի 3 կուսակցություններ արդեն հայտարարել են, որ Բակո Սահակյանին առաջադրում են անցումային  փուլի նախագահի թեկնածու: Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն պնդումների հետ, թե ԱՀ-ում սահմանադրությունը փոխվեց Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար:

«Ես չեմ կարծում, որ այդ պրիմիտիվ գնահատականը պետք է տեղ ունենա մեր մեջ, քանի որ Արցախում ավելի կարևոր խնդիրներ կան, առաջինը անվտանգության հարցն է»,-շեշտեց նա:

-Պարո՛ն Շարմազանով, արդեն 3 կուսակցություններ հայտարարել են, որ իրենք  գործող  ԱՀ  նախագահ Բակո Սահակյանին առաջադրում են անցումային  փուլի նախագահ: Արդյոք չի՞ ստացվում, որ սահմանադրական փոփոխությունները Արցախում եղան Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու համար:

-Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները պետք է իրենց գնահատականները հնչեցնեն Արցախում կատարվող քաղաքական պրոցեսների ժամանակ, որովհետև Արցախի հանրապետության քաղաքացին՝ որպես փաստացի անկախ հանրապետության քաղաքացի, պետք է արտահայտի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների  վերաբերյալ: Իրենք են ընտրել ԱՀ զարգացման հեռանկարն առաջիկա տարիների համար:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանի առաջադրմանը, ապա այդ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Արցախի նախագահին կրկին առաջադրվելու, և որևէ իրավական սահմանափակում այստեղ չկա: Ինչ վերաբերում հարցադրմանը, թե սահմանադրական բարեփոխումները ԱՀ-ում կատարվել են, որպեսզի կարողանա Բակո Սահակյանը կրկին առաջադրվի, ապա ես չեմ կարծում, որ այդ պրիմիտիվ գնահատականը պետք է տեղ ունենա մեր մեջ, քանի որ Արցախում ավելի կարևոր խնդիրներ կան: Առաջինն անվտանգությունն է, որը ԱՀ նախագահի գլխավորությամբ  բավականին ուժեղացել է: ԱՀ նախագահը կարողացել է կարևորագույն խնդիրները լուծել: Արցախն՝ ի դեմս նախագահ Սահակյանի, ունի ազգային ու պետական առաջնորդ: Եվ շատ ու շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ազնիվ, ազգային գաղափարախոսությամբ տոգորված, ժողովրդի դարդուցավով ապրող նախագահ: Այս իմաստով ես պիտի ասեմ, որ շատ դրական եմ գնահատում Արցախի քաղաքական ուժերի սատարումը Բակո Սահակյանին:

-Արցախում նախագահի այլ արժանի թեկնածուներ չե՞ք տեսնում, և ձեր կարծիքով  2016-ի ապրիլյան պատերազմը որքանո՞վ նպաստեց Բակո Սահակյանի դիրքերի ամրապնդմանը:

-Արցախում արժանի թեկնածուներ էլի կան, դրա համար Արցախը ժողովրդավարական երկիր է, թող առաջադրվեն: Ես չեմ կարծում, որ Արցախում չկան այլ թեկնածուներ, այսօր ինձ համար՝ որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի, նախագահ Բակո Սահակյանի գործունեությունը որակվում է որպես ազգային և պետական գործչի գործունեություն, ինչպես նաև մարդու, որը հենց ապրիլյան պատերազմի օրերին ապացուցեց, որ ինքն իրական առաջնորդ է և ապրում է անվտանգության ռազմավարության տեսլականի կայացմամբ:

- Բակո Սահակյանի կողմից ապրիլյան պատերազմից հետո տրված խոստումներից քանի՞սն են կատարվել առաջնագծի ընդլայնման, Թալիշի վերաբնակեցման մասով ևս:

- Թալիշի վերաբնակեցման գործընթացը սկսվել է, նախագահ Բակո Սահակյանի հետ եղել ենք Թալիշում, հանդիպել ենք թալիշցիների հետ, առաջնագծում ինժեներական մեծ աշխատանք է կատարվել ապրիլյան պատերազմից հետո, առաջնագիծն ամբողջությամբ վերազինվել է և դա եղել նաև ԱՀ իշխանությունների շնորհիվ՝ նախագահ Սահակյանի գլխավորությամբ:

- Բակո Սահակյանը որքանո՞վ է ջանքեր ներդրել Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ Արցախի բանակցային սեղանին վերադառնալու մասով:

-Ե՛վ Արցախի, և- Հայաստանի հանրապետությունները միջնորդների հետ հանդիպումների ժամանակ կարևորել են ԱՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: Օրեր առաջ արտաքին գործերերի նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ առանց Արցախի իշխանությունների, առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ որևէ պայմանագրի ստորագրում: Բացի դրանից՝ այնպես չէ, որ Արցախը բանակցությունների մեջ չէ , ինքը ամբողջությամբ ներառված չէ: Եթե ուշադիր հետևում եք, պարբերաբար համանախագահներն այցելում են նաև ԱՀ և այնտեղ հանդիպումներ են ունենում ԱՀ իշխանությունների հետ: Մեր ցանկությունը և պահանջն է, որպեսզի առանց ԱՀ իշխանությունների որևէ փաստաթուղթ չստորագրվի: Չի եղել մի հանդիպում, որտեղ ՀՀ իշխանությունները չպնդեն, որ ԱՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղան: Ի վերջո, ապրիլյան պատերազմից հետո այստեղ համանախագահները հայտարարեցին , որ բանակցությունների վերջնական փուլում իրենք նախատեսում են ԱՀ վերադարձը բանակցությունների սեղանին:

Մանրամասները՝տեսանյութում: