Սևանում առանձնատուն չունեմ, տնակ է, և այն ջրի տակ հայտնվելու վտանգի առաջ կանգնած չէ. Արամ Հարությունյան (տեսանյութ)
Ես Սևանում առանձնատուն չունեմ, այն շինությունը, որը ԱԺ ամբիոնից ինձ վերագրվեց, առանձնատուն չէ, այլ տնակ է, և այն ջրի տակ հայտնվելու վտանգի առաջ կանգնած չէ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, բնապահպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի հայտարարության վերաբերյալ:
Պատգամավորը ընդգծել էր, որ Արամ Հարությունյանի Սևանում գտնվող առանձնատունը, որը կառուցված է 1900 մետր բացարձակ նիշի վրա, ափամերձ գոտում է ու Սևանա լճի մակարդակի բարձրացման դեպքում ջրի տակ է անցնելու:
«Ես հայտարարում եմ, որ դա իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիա՝ տեղափոխման հնարավորությամբ, եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել: Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,-շեշտեց նա:
Արամ Հարությունյանն ընդգծեց, որ Սևանում հաճախակի է լինում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ առանձնատուն ունի:
«Ես ինքս ձիավարությամբ եմ զբաղվում, ձմռանը լողում եմ և այլն, այստեղ որևէ խնդիր չկա: Ցանկացողներն էլ կարող են գալ, տեսնել: Ամենակարևորը՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ Շորժան մեծ հեռավորության վրա է Երևանից, և այնտեղ գնացողը պետք է ձկնորսության, ձիավարության հետ սեր ունենա կամ բնության հետ շփվի»,-ասաց նա։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ նա բավականին մեծ ունեցվածք է հայտարարագրել, ինչպե՞ս է հարստացել։
«Վերցրեք ու տեսեք՝ մինչ գործադիրը պարոն Հարությունյանը որտեղ է եղել, ինչ գործունեությամբ է զբաղվել»,-ընդգծեց նա:










