ՀՀ-ում երաշտ չկա, բայց Թալինի տարածաշրջանում «գնում է դեպի երաշտ». գյուղփոխնախարար

17:25 • 04.07.17

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը Հայաստանում այս պահին եղանակային պայմանների վերաբերյալ չի օգտագործում «երաշտ» բառը, այլ՝ «ոռոգման ջրի սուր պակաս»:

«Գյուղատնտեսության նախարարության դիրքորոշումը, որ Սևանի դրական բալանսի ապահովման և համապատասխան գերատեսչությունների հիմնավորումների դեպքում, եթե ջուր կա, ապա այդ ջուրը խիստ անհրաժեշտ է գյուղատնտեսությանը, որովհետև այսօր մենք ունենք տարածքներ՝ Արմավիրի մարզ, Արարատ, Արագածոտնի նախալեռնային գոտի, որտեղ առանց ոռոգման հնարավոր չէ գյուղատնտեսություն պահել։ Որովհետև բոլորս ենք տեսնում, որ այս պահին ջերմաստիճանը բավականին բարձր է, գումարած այն, որ կան տարածքներ, որտեղ երկար ժամանակ տեղումներ չեն եղել»,-Tert.am-ին ասաց գյուղփոխնախարարը՝ նշելով, որ սրանով հնարավոր կլինի գոնե այս տարի մշակված ցանքատարածքները փրկել:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: 77 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց՝ չնայած բնապահպանների բարձրացրած աղմուկին:

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նշելով, որ Սևանից նման մասշտաբային ջրառը կարելի է իրականացնել միայն երաշտի դեպքում, այդ մասին մի քանի անգամ հարցրեց հիմնական զեկուցող, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, թե արդյո՞ք երաշտ է, սակայն հարցին այդպես էլ հստակ պատասխան չստացավ:

Աշոտ Հարությունյանը նույն հարցին, թե արդյո՞ք խոսքը այս պահին արդեն առկա երաշտի, կամ երաշտի վտանգի մասին է, ասաց. «Թալինի տարածաշրջանի համայնքներում արդեն բավական երկար ժամանակ է՝ տեղումներ չկան, և ես, անձամբ լինելով այդ համայնքներում, դաշտերում, տեսել եմ, որ գնում է դեպի երաշտ»:

Ըստ Աշոտ Հարությունյանի՝ այս պահին ցանքատարածքները ոռոգվում են ոչ թե ինտենսիվ, այլ այնքանով, որքանով կարողանան պահել: