Հայերին մասսայաբար արտաքսելու հարցը պետք է դիտել Գերմանիայի ընդհանուր քաղաքականության մեջ. Ազատ Օրդուխանյան

19:49 • 04.07.17

Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով, իրականությունն են ներկայացնում այն հրապարակումները, ըստ որոնց, այս շրջանում գերմանական միգրացիոն ծառայությունները բավականին խստացել են նաև հայերին ապաստան տալու խնդիրը և ավելի արագացրել նրանց գործերի քննումը:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս առումով ուրախացնող շատ բան չի կարող ասել: «Ցավոք, շատերին առանց մեծ հնարավորություն տալու արտաքսում են, բայց ոչ միայն դեպի Հայաստան, այլ նաև այլ երկրներ, քանի որ շատերը գրանցված են նաև որպես այդ երկրներից եկածներ»,- նշեց նա:

Նշենք, որ գերմանական լրատվամիջոցները ներկայացրել էին, որ Գերմանիան սկսել է Դյուսելդորֆի օդանավակայանով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացի միգրանտների զանգվածային արտաքսում: Պատճառը Դյուսելդորֆի քաղաքային իշխանությունների որոշումն է՝ ապաստանի համար դիմած օտարերկրացիների հայցերն օպերատիվ քննելու և պատասխանելու վերաբերյալ: 

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ հայերի նկատմամբ առանձնահատուկ է խիստ վերաբերմունքը:

«Առհասարակ, հիմա Գերմանիայում ապաստանյալների հարցը գնալով խստանում է, և ընդհանուր քաղաքականության մեջ պետք է դիտել այս մոտեցումը: Մյուս շատ ազգեր նույնպես խիստ վերաբերմունքի քաղաքականության տակ են գտնվում: Չեմ կարծում, որ օրինակ ադրբեջանցի ապաստանյալների վիճակը այս պահին հայերից ավելի լավն է, կարծում եմ՝ նույնն է նաև նրանց պարագայում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Գերմանիայում հաստատված և այսօր գերմանահայ ներկա համայնքներն ու կազմակերպությունները կազմած հայերի ճնշող մեծամասնությունը երեկվա փախստականներն են, լինեն նրանք Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Լիբանանից, թե այլ երկրներից:

«Տեղափոխվածների տեղափոխման հիմքերը շատ չեն տարբերվում միմյանցից, տարբերությունը ավելի շատ տեղափոխման ժամանակի և արագ կամ դանդաղ տարբերակով բնակվելու հետագա կարգավիճակ ստանալու հարցում է, այնպես որ հայաստանցիներն այստեղ բացառություն չեն։ Դա երկարատև գործընթաց է և վերաբերում է մեր համայնքի համարյա բոլոր շերտերին»,- ասաց նա: