Կանադան 8 մլն դոլար կվճարի Գուանտանամոյի ամենաերիտասարդ բանտարկյալին
Կանադայի կառավարությունը մտադիր է ներողություն խնդրել և 8 միլիոն դոլար վճարել Գուանտանամոյի բանտի նախկին բանտարկյալին, որը մեղավոր է ճանաչել իրեն 15 տարեկանում Աֆղանստանում ամերիկացի զինվոր սպանելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի գերագույն դատարանն ընդունել է, որ Օմար Խադրին հարցաքննելու ժամանակ քննիչներն ազդեցության ապօրինի մեթոդներ են կիրառել, որպեսզի վերջինս ընդունի իր մեղքը:
Հայտնի է, որ Խադրը ծնվել է Կանադայում և գերեվարվել 2003 թվականին՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման ճամբարը գրոհելու ժամանակ: Նա տեղափոխվել է Գուանտանամոյի ճամբար, որտեղ ամենաերիտասարդ բանտարկյալն է եղել և 8 տարի սպասել դատարանի որոշմանը: 2010 թվականին նա մեղավոր է ճանաչվել ամերիկացի սերժանտ-բուժաշխատողին սպանելու համար՝ դատապարտվելով 8 տարի ժամկետով ազատազրկման, իսկ երկու տարի անց ուղարկվել է Կանադա՝ ազատազրկման մնացած տարիներն այնտեղ անցկացնելու համար: Փաստաբանների բողոքարկումից հետո նա ազատ է արձակվել 2015 թվականին:
Նշվում է, որ Կանադայի գերագույն դատարանը դեռ 2010 թվականին կասկած է հայտնել Խադրի դատավճռի արդարության առնչությամբ: Արդյունքում Խադրի փաստաբանները համաձայնության են եկել Կանադայի իշխանությունների հետ, երբ կայացվել է Խադրին 8 միլիոն դոլար վճարելու որոշում:










