Գյումրիում երկրաշարժը թույլ էր, 88 վթարային շենք կա, որևէ մեկից ահազանգ չկա. Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության պետ

13:46 • 04.07.17

Գյումրիում այսօր առավոտյան` տեղական ժամանակով 10:37-ին գրանցված երկրաշարժը շատ թույլ էր, և քաղաքի որևէ շենքից փլուզման, ճաքերի վերաբերյալ որևէ ահազանգ չի եղել:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ մանրամասնելով. «Քաղաքում 88 հատ վթարային շենք կա, որևէ մեկից ես որևէ բան չեմ լսել: Եվ, առաջինը, այսօրվա երկրաշարժի նման շատ երկրաշարժ է եղել վերջին 30 տարում»:

Հիշեցնենք, որՍեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից այսօր՝ տեղական ժամանակով ժամը 10:21-ին Գյումրի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, արձանագրվել էր 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որն էպիկենտրոնում կազմել էր 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում և Աշոցք, Մայիսյան, Քեթի, Մարմաշեն, Ազատան, Ախուրյան, Կամո, Ջաջուռ, Շիրակ և Կապս գյուղերում:

Ամեն դեպքում, Շիրակի մարզպետարանը Գյումրու սեյսմիկ ծառայության հետ այսօր ամենօրյա կապի մեջ է: