Հունական կողմը բացատրել է թուրքական նավի գնդակոծության պատճառը
Հունաստանի ափամերձ պաշտպանության ծառայությունը ստիպված է եղել նախազգուշական կրակ բացել, որպեսզի կանգնեցնի թուրքական նավը, որին կասկածել է թմրանյութեր տանելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Հռոդոսի նավահանգստային իշխանություններն անանուն հաղորդագրություն են ստացել, թե իբր թուրքական դրոշով «ԱՍՏ» բեռնատար նավը պատրաստվում է թմրանյութեր տեղափոխել: Անմիջապես ափամերձ պաշտպանությունը գործի է անցել՝ հայտնաբերելով «ԱՍՏ» նավը Հռոդոսից 3․5 մղոն հեռավորության վրա՝ հունական տարածքային ջրերում»,- հայտնել են ափամերձ պաշտպանության ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին հունական կողմը պահանջել էր, որ կասկածելի նավը կառանի Հռոդոս կղզու նավահանգստում՝ բեռը ստուգելու համար, երբ բեռնատար նավը գտնվել է Էգեյան ծովում: Սակայն նավի հրամանատարն անտեսել է հույների պահանջը, ինչից հետո վերջիններս կրակ են բացել նավի վրա:










