Թուրքիայից ԱՄՆ չվերթների ժամանակ էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը կվերացվի հուլիսի 5-ին

14:23 • 04.07.17

Հուլիսի 5-ին կվերացվի Ստամբուլից Միացյալ Նահանգներ չվերթների ինքնաթիռների սրահում էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը: Այդ մասին հայտարարել է երկրի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, գրում է Reuters գործակալությունը:


Նախարարը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները չորեքշաբթի ժամանելու են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան՝ ձեռնարկված անվտանգության միջոցառումների վերաբերյալ ստուգումներ անցկացնելու համար, և հավելել է, որ արգելքի վերացմանն են նպաստել ԱՄՆ-ի իշխանությունների հետ կապերը և Թուրքիայի ձեռնարկած քայլերը:


«Ստուգումից հետո, արգելքը կվերացվի Աթաթուրքի անվան օդանավակայանի և «Թուրքական ավիաուղիների» համար… Այն, որ դա երկար չտևեց, մեզ համար առավելություն է»,- ասել է Արսլանը:


Հուլիսի 2-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways ավիաընկերությունը հայտնել է, որ ամերիկյան վերահսկիչ մարմինները չեղարկել են Աբու Դաբիից ԱՄՆ մեկնող օդանավերում էլեկտրոնային սարքավորումներ տեղափոխելու արգելքը: Այս որոշումը կայացվել է Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում անվտանգության միջոցառումների խստացումից հետո: 


Հունիսի 29-ին ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է 105 երկրի 280 օդանավակայանում անվտանգության միջոցառումների խստացման մասին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է որոշ եվրոպական երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռներ նոթբուքեր տանելու արգելքի հնարավորությունը:


Մայիսի 16-ին ամերիկյան ABC հեռուստաալիքը հայտնել է, որ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը կիսվել է ուղևորատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետության» ծրագրերի մասին գաղտնի տեղեկատվությամբ: Լրագրողների խոսքերով՝ տվյալները ստացվել են ահաբեկիչների մոտ հայտնված իսրայելցի հետախույզից: ABC-ն նշել է, որ այդ առնչությամբ ԱՄՆ-ում սկսել են մտածել թռիչքների անվտանգության ուժեղացման, մասնավորապես՝ Եվրոպայից բոլոր չվերթների ինքնաթիռների սրահներում նոթբուքեր տեղափոխելու արգելքի մասին:


Մարտի 21-ին ԱՄՆ-ն հայտարարել էր մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի 10 միջազգային օդանավակայանից չվերթների ընթացքում սրահում բջջային հեռախոսից ավելի մեծ չափի էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելքի մասին՝ դրանց մեջ ռումբեր թաքցնելու հնարավորության վերաբերյալ մտավախության առնչությամբ: