Ադրբեջանը զենք մատակարարելով մարտահրավեր է նետում ողջ միջազգային հանրությանը. ՀՀ-ն բոլոր հարթակներում պետք է բարձրացնի այս հարցը. Մ. Հակոբյան (տեսանյութ)
Ադրբեջանի իշխանությունը զբաղված է միջազգային աշխարհակարգի դեմ գործողություններով և այդ մատակարարումների հետևանքով աշխարհի տարբեր հատվածներում այսօր խաղաղ բնակչություն է զոհվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հակամարտության տարբեր գոտիներ զենք մատակարարելու հարցին: Ըստ նրա՝ հայկական դիվանագիտությունը այս թեման պետք է բոլոր հնարավոր միջազգային հարթակներում բարձրաձայնի: «Եթե ցանկություն լինի, եթե համապատասխան որոշումներ լինեն, դրանք կարող են շատ ցավոտ լինել Ադրբեջանի համար»,- նշեց Հակոբյանը:
-Բուլղարական «Տրուդ» պարբերականը փաստաթղթեր է հրապարակել, որոնք վկայում են, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով զենք է տեղափոխել Արևելյան Եվրոպայից հակամարտության տարբեր գոտիներ, մասնավորապես՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Կոնգո: 3 տարվա ընթացքում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը կատարել է առնվազն 350 թռիչք: Ինչպե՞ս կորակեք Ադրբեջանի այս գործողությունները և ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:
-Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունը զբաղված է միջազգային մասշտաբի հանցագործությամբ: Հետաքրքրիրն այն է, որ համաձայն հրապարակված փաստաթղթերի, Ադրբեջանի ղեկավարությունը, փաստացիորեն, օգտագործելով պետական լծակները, դիվանագիտական անձրևանոցը ահաբեկչական կազմակերպություններին՝ «ԴԱԻՇ»-ին, «Ան Նուսրային» մատակարարել է զենք-զինամթերք: Ուշագրավն այն է, որ այդ զենք-զինամթերքը Արևելյան Եվրոպայի երկրների պահեստներից է տարվել: Ադրբեջանի իշխանությունը զբաղված է միջազգային աշխարհակարգի դեմ գործողություններով և այդ մատակարարումների հետևանքով աշխարհի տարբեր հատվածներում այսօր խաղաղ բնակչություն է զոհվում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը ոչ միայն մեր տարածաշրջանի անվտանգության համար է պետականորեն սպառնալիք, այլ նաև համաշխարհային աշխարհակարգի համար: Չլսված բան է, որ ինչ-որ պետություն, օգտագործելով դիվանագիտական խողովակները, զբաղվի զենքի առևտրով: Եթե վաղը փաստաթղթեր հրապարակվեն, որ Ադրբեջանի իշխանությունը զբաղված է նաև թմրանյութերի մատակարարումներով՝ օգտագործելով դիվանագիտական անձրևանոցը, բացարձակապես զարմանալի չի լինի: Ընդ որում, զենքերի ծավալն այնքան մեծ է եղել, որ պետական քաղաքացիական ավիաընկերությունից բացի, տեղափոխման գործընթացին մասնակցել է նաև ռազմական տրանսպորտային ավիացիան: Այսինքն՝ սա պետության կողմից անլեգալ, համաշխարհային բոլոր կոնվենցիաներով, միջազգային իրավունքի բոլոր ընդունված նորմերի խախտումներով գործողություն է:
-Հայաստանը, հայկական դիվանագիտության ինչպե՞ս կարող է օգտագործել այս փաստը, ի՞նչ քայլերի պետք է դիմի:
-Հայկական դիվանագիտությունը պետք է մեկ կարևոր քայլ անի՝ այս ամենը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում բարձրաձայնի: Մեր պետության դիվանագիտական խողովակներով և ոչ միայն պետական, այլ նաև քաղաքացիական հասարակության միջոցով սա բոլոր հնարավոր հարթակներում պետք է բարձրաձայնել: Պետք է ադեկվատ արձագանք պահանջել, և ակնկալել, որպեսզի միջազգային հանրությունը հստակ դիրքորոշում հայտնի: Սա ոչ Ադրբեջանի տարածքում գործող ինչ-որ կազմակերպության քայլեր չեն, սա Ադրբեջան պետության կոնկրետ գործողություն է՝ քողարկված դիվանագիտական անձրևանոցով: Սա մարտահրավեր է աշխարհակարգին և համաշխարհային խաղաղությանը:
-Ադրբեջանի նման գործողություններից հետո միջազգային հանրությունը ի՞նչ քայլերի կարող է դիմել:
-Եթե ցանկություն լինի, եթե համապատասխան որոշումներ լինեն, կարող են շատ ցավոտ լինել Ադրբեջանի համար: Ընդհուպ կարող է մինչև ՄԱԿ-ի անվտանգության նիստով համապատասխան որոշումներ կայացվեն, եթե ցանկություն լինի: Ամեն դեպքում, հետագա գործընթացները ցույց կտան, թե ինչ կարող ենք մենք ակնկալել:
-Բուլղարական պարբերականի հրապարակման մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ 2015 թ. Բուլղարիայից Բաքվով երրորդ երկիր է տեղափոխվել սպիտակ ֆոսֆոր: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը մեղադրում էր Արցախի ՊԲ-ին, թե իբր հայկական կողմը արկերի մեջ օգտագործել է ֆոսֆոր: Կարո՞ղ է կապ լինել այս երկուսի իրադարձությունների միջև :
-Սա հերթական փաստարկն է հայկական դիվանագիտության ձեռքում հայտնված, որպեսզի համաշխարհային հանրությանը ևս մեկ անգամ ավելի համոզիչ փաստարկներ ներկայացնի, որ մենք գործ ունենք ոչ թե միջազգային իրավունքը հարգող պետության հետ, այլ գործ ունենք պետական ահաբեկչության հետ: Ինչ վերաբերվում է արգելված զինատեսակների կիրառմանը, ապա սա վերջնականապես կարող է կործանել պաշտոնական Բաքվի այն մոտեցումը, որ հայկական կողմը ֆոսֆորով զենքեր: Սա ապացուցում է, որ Ադրբեջանը անցած տարի ապրիլյան մարտական գործողությունները նախաձեռնելով գնացել ոչ միայն սադրանքների, այլ հենց ինքն է կազմակերպել, որ այդ սպիտակ ֆոսֆորը լինի առաջնագծում: Սա քանդում է Ադրբեջան պետության մի ամբողջ քարոզչական ապարատի գործունեություն:
Մանրամասները՝ տեսանյութում:










