Դատախազը եկավ ու պահանջեց, որ լավ վերաբերմունք ցույց տանք նրան, որ ամեն բան հեշտ պատմի. թուրք ոստիկանը՝ Դինքին սպանողի հետ լուսանկարվելու մասին
Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը, այս մասին հայտնում է «Ակօսը»:
Նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես են եկել Ստամբուլի և Սամսունի Ժանդարմերիայի և ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներից մի քանիսը:
Սամսունի ոստիկանության նախկին աշխատակիցներից Ահմեդ Չեթիները, ում հարց էր ուղղվել Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթին Սամսունում ձերբակալելիս նրա հետ թուրքական դրոշով լուսանկարվելու վերաբերյալ, նշել է, որ ինքը մարդասպանի հետ լուսանկարվելու հրաման չի տվել, և հերքել է Սամասթի հետ անձամբ լուսանկարվելու մասին տեղեկությունը:
Չեթիները նշել է, որ լուսանկարներն արվել են այն ընթացքում, երբ ձերբակալությունից անմիջապես հետո Սամսունի ոստիկանատանը երկու ժամվա ընթացքում պատրաստվել է Սամասթի մասին արձանագրությունը:
Սամսունի ոստիկանության մեկ այլ նախկին աշխատակից Մեթին Բալթան էլ դատարանում պատմել է, որ Սամասթին լավ վերաբերվելու համար իրենց հրաման էր տվել տեղի գլխավոր դատախազը:
«Ոստիկանատուն բերվելուն պես խուզարկեցինք նրան: Դրոշ գտանք նրա մոտից, ձեռքից առանք, բայց Սամասթը թույլ չտվեց դրոշը խլենք: Ասաց՝ «Մինչև դատախազը չասի, թողեք մնա մոտս»: Դատախազը եկավ և պահանջեց, որ լավ վերաբերմունք ցույց տանք նրան, որ ամեն բան հեշտ պատմի: Մենք էլ սկսեցինք լավ ոստիկանի դերի մեջ մտնել», - ասել է Բալթան:
Նշենք, որ պոլսահայ հայտնի լրագրող, մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:
Դինքի սպանության գործով մեղադրյալների թիվը հասել է 86-ի. նրանց թվում է նաև Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։
Հայտնի է, որ 86 մեղադրյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում։










