Իրաքի վարչապետը շնորհավորել է զորքերին Մոսուլում տարած «մեծ հաղթանակի» կապակցությամբ

09:49 • 05.07.17

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին երեքշաբթի շնորհավորել է զորքերին Մոսուլում տարած «մեծ հաղթանակի» կապակցությամբ, հայտնում է Associated Press գործակալությունը:


«Մեզ հաջողվել է ազատագրել Մոսուլը, և մենք ապացուցեցինք, որ մյուսները սխալվում էին: Մոսուլի բնակիչները պաշտպանում էին անվտանգության մեր ուժերին ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է ալ-Աբադին Բաղդադում մամուլի ասուլիսի ժամանակ:


Ալ-Աբադին մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է, որ նա հրահանգել է վերականգնել քաղաքի այն թաղամասերը, որոնք արդեն ազատագրվել են գրոհայիններից:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրաքի դաշնային ոստիկանությունը շրջապատել է Մոսուլում մնացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին վերջին թաղամասում, որի տարածքը չի գերազանցում հինգ հարյուր քառակուսի մետրը:


Իրաքի ուժերը հունիսի 29-ին ազատագրել են Մոսուլի ավերված պատմական ան-Նուրի մզկիթը, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»:


2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԻՊ-ի սև դրոշը:


«Նրանց կեղծ պետությունն ընկավ»,- պետական հեռուստատեսությամբ ասել էր Իրաքի զինված ուժերի խոսնակ Յահյա Ռասուլը: