Վկայակոչել եմ նաև Սամվել Բաբայանի ցուցմունքը. «Իգլա»-ի գործով կալանավորվածի պաշտպանը պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը
«Իգլա»-ի քրեական գործի շրջանակներում կալանավորված Սանասար Գաբրիելյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործը կարճելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը:
«Քրեական գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն եմ ներկայացնել: Հիմնավորումն այն է, որ իմ պաշտպանյալը զենք ձեռք բերելուց հրաժարվել է: Հիմքում քրեական դատավարության 35-րդ հոդվածի 11-րդ կետն է՝ անձը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, եթե նրա փաստորեն կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում»,-ասաց Աղաջանյանը:
Պաշտպանը նաև հայտնեց, որ փորձել է գործում առկա նյութերով ապացուցել, որ իր պաշտպանյալը որևէ հանցանք չի կատարել. «Փորձել եմ ապացուցել՝ և՛ ձայնագրություններում, և՛ գործով մեղադրյալ Սամվել Բաբայանի ցուցմունքը վկայակոչելով, որ իմ պաշտպանյալը զենքի ձեռքբերումից հրաժարվել է ինքնակամ, հետևաբար քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»:
Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանի նկատմամբ մեղադրանքը մեղմացվել էր, փոփոխություն էր կատարվել, և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել էր: Մնացել է 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:










