Սպանություն Բերդում. 33-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է ավտոկայանում

13:31 • 06.07.17

Նախօրեին Տավուշի մարզում սպանություն է տեղի ունեցել։ Երիտասարդ տղամարդու դին հայտնաբերվել է Բերդ քաղաքում։ 

Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է Բերդի բժշկական կենտրոնից։ 

«Բերդի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բերդ քաղաքի ավտոկայանի տարածք, որտեղ գետնին ընկած նկատել են 1984 թվականին ծնված Դ.Բ.-ի դին»,-ասաց Ջանոյանը։ 

Ջանոյանն ասաց, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Բերդ քաղաքի ավտոկայանի տարածքում սուր կտրող ծակող գործիքից որովայնի շրջանում ստացած վնասվածքներից 33-ամյա քաղաքացին մահացել է։  

Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն։