Ավելի քան 100 մարդ է վիրավորվել հանգստյան օրերին Չիկագոյում տեղի ունեցած փոխհրաձգությունների հետևանքով

12:29 • 06.07.17

Հուլիսի 4-ին նշվող ԱՄՆ անկախության օրվա առթիվ հանգստյան չորս օրերի ընթացքում Չիկագոյում ավելի քան 100 մարդ ստացել է վնասվածքներ, այդ թվում՝ մահացու: Դրանք տեղի են ունեցել անկանոն կրակոցների հետևանքով, որը ոստիկանության ենթադրությամբ կազմակերպել են տեղի հանցավոր խմբերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Կրակոցների մասին առաջին հաղորդագրությունները հայտնվել են արդեն շաբաթ օրը, բայց հրազենային վնասվածքներով ամենաշատ վիրավորները գրանցվել են երկուշաբթի երեկոյան:


Տեղական մամուլի տվյալներով՝ մահացածների թիվը հասել է 15-ի:


Չիկագոյի իշխանությունները քաղաքի ամենախնդրահարույց շրջաններ են ուղարկել ոստիկանության լրացուցիչ 1000 աշխատակից, որոնք, սակայն, չեն կարողացել հանդարտեցնել շարունակվող անկարգությունները:


Անկախության օրվա առթիվ հանգստյան օրերին կրակոցները Չիկագոյում դարձել են որոշ առումով ավանդույթ: Անցած տարի, սակայն, տոնական օրերին կրակոցներից վիրավորների թիվը զգալիորեն ավելի քիչ է եղել՝ 66 մարդ: