Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ուտել ծայրահեղականների լյարդը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել է ուտել «Աբու Սայաֆ» խմբավորման ծայրահեղականների լյարդը:
«Ես կուտեմ ձեր լյարդը, եթե այդպես եք ուզում: Ես ուղղակի մի քիչ աղ ու քացախ կավելացնեմ ու հենց ձեր աչքի առաջ կուտեմ»,-ասել է նախագահը՝ հեռակա դիմելով ծայրահեղականներին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին Դուտերտեն հայտարարել է երկրի հարավում գրոհայինների կողմից մահապատժի ենթարկված 2 վիետնամցի ձկնորսի դիակները հայտնաբերելուց հետո:
Երկրի ղեկավարի խոսքով՝ կատարվածից հետո պետք է բացատրություն տալ Վիետնամի կառավարության առաջ: Դուտերտեն ընդգծել է, որ տեղի գրոհայինների կողմից օտարերկրացի գերիների սպանությունը մեծ ամոթ է Ֆիլիպինների համար:
Հայտնի է, որ սպանված ձկնորսները գերեվարվել էին անցած տարվա նոյեմբերին՝ վիետնամական ձկնորսական նավի վրա հարձակման հետևանքով:
«Աբու Սայաֆ» խմբավորումը հայտնի է դրամաշորթություններով, մարդկանց առևանգումներով, պայթյուններով ու դաժան մահապատիժներով: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն իր աջակցությունը հայտնած «Աբու Սայաֆ»-ը համարվում է տարածաշրջանում ամենավտանգավոր խմբավորումներից մեկը:










