Նազարբաևը հայտարարել է, որ դեմ է իր պատվին անվանափոխություններին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ բացասաբար է վերաբերում այս կամ այն օբյեկտների անվանափոխման ճանապարհով իր անունը հավերժացնելու վերաբերյալ մշտապես հայտնվող նախաձեռնություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդպես է Նազարբաևը ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքին մեկնաբանել Աստանայի միջազգային օդանավակայանը «Նուրսուլթան Նազարբաև» անվանափոխելու մասին Ղազախստանի կառավարության որոշումը:
«Դա իմ նախաձեռնությունը չէ: Ես միշտ դեմ եմ դրան: Անընդհատ հայտնվում են: Հավանաբար մարդիկ գնահատում են, և ես նրանց շնորհակալ եմ նրա համար, որ տեսնում են իրականացված աշխատանքը, չնայած ցանկացած քաղաքական գործիչ, պետության առաջնորդ պետք է ձգտի պատմության մեջ մնալ իր գործերով»,- ասել է պետության ղեկավարը:
Նազարբաևը վստահություն է հայտնել, որ «դա գալիք սերունդների հարցն է, այլ ոչ մեր»:
2016 թվականի նոյեմբերին Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Կուանիշ Սուլթանովը, ներկայացնելով անկախության տարիների ընթացքում հանրապետության հիմնական ձեռքբերումների մասին հռչակագիրը, առաջարկել է մայրաքաղաքի անվան մեջ արտացոլել առաջին նախագահի անունը: Առաջարկվում էր մայրաքաղաքն անվանափոխել «Նուրսուլթան» կամ «Նազարբաև»: Նազարբաևն այդ ժամանակ շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին նախաձեռնության համար, բայց հայտարարել է, որ հանրապետության մայրաքաղաքի անվանումը բրենդ է դարձել, և նա անհրաժեշտություն չի տեսնում Աստանայի անվանափոխման մեջ:










