Նիգերի զինվորները 14 քաղաքացիական անձի են սպանել՝ նրանց շփոթելով զինյալների հետ
Նիգերում զինվորները երկրի հեռավոր հարավարևելյան հատվածում հսկողություն իրականացնելիս 14 անզեն քաղաքացիական անձի են սպանել՝ նրանց շփոթելով «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների հետ: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյայի:
Ինչպես հայտնել է Նիգերի հարավարևելյան Դիֆա շրջանի գլխավոր քարտուղար Յահակա Գոդին, նիգերցի զինվորները հսկողություն էին իրականացնում Աբադամ բնակավայրի մոտակայքում գտնվող ռազմական հատուկ գոտում, որտեղ էլ կրակ են բացել, ինչպես ավելի ուշ պարզվել է, գյուղացիների վրա:
«14 մարդ է զոհվել: Աբադամ գյուղը գտնվում է կարմիր գոտում և երկար ժամանակ արգելված տարածք է: Տարածքում հայտնվող ցանկացած անհատ համարվում է «Բոկո Հարամի» զինյալ»,- ասել է նա:
Գոդին հայտնել է, որ զոհերից երկուսը եղել են Նիգերից, իսկ մնացածը՝ հարևան Նիգերիայից:
Հայտնի չէ, թե ինչու էին նրանք գտնվում արգելված գոտում, և ինչն է զինվորներին ստիպել կրակ բացել:










