«Դուք համագործակցում եք դատախազների հետ, տեսագրություն կա». «Սասնա ծռերից» 18-ի գործով պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին

12:45 • 06.07.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Նշենք, որ ամբաստանյալներից 15-ը նախորդ դատական նիստին 6 ժամով հեռացվել են դատական նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Ամբաստանյալները ոտքի չեն կանգնում:

Այսօրվա դատական նիստերի դահլիճում են երեք ամբաստանյալ՝ Թաթուլ Թամրազյանը, Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը: Դատական նիստից բացակայում են նաև ամբաստանյալների պաշտպաններից շատերը:

Այսօրվա նիստին փաստաբան Լուսինե Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ հիմնավորելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի:

«Նախ, դուք դատական նիստ եք անցկացնում առանց պաշտպանների ներկայության: Երկրորդ, հրապարակվում է պաշտպանի ու փաստաբանի նամակագրություն, որի իրավունքը չկա, որն արգելված է: Անգամ ամենահետամնաց երկրում չեմ կարողանում պատկերացնել, որ պաշտպանյալի ձեռքից կարող են խլել այն նամակը, որն ուղղված է եղել պաշտպանին, առավել ևս կարդալ այն ու հրապարակել: Դուք ընդհանրապես իրավունք չունեք դատական նիստ վարելու, քանի որ այդպիսի խախտում եք թույլ տվել, ավելին, դուք իրավունք էլ չունեք դատավոր լինելու: Դուք այն դատավորն եք, որի նախագահության ժամանակ բռնություն է գործադրվում մեր պաշտպանյալների նկատմամբ հենց դատարանի շենքում»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Պաշտպանի միջնորդության միացան նաև մյուս պաշտպանները: Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն ասաց, որ դատավորն ունակ չէ ինքնուրույն միջնորդություն կայացնել, և նրա մոտ են մտնում մեղադրող դատախազները. «Ես ձեզ հանձնում եմ տեսագրություն, թե ինչպես են դատախազները մտնում դատավորի սենյակ: Իսկ դա ապացույցն է այն բանի, որ դատավորը համագործակցում է մեղադրող դատախազերի հետ»:

Դատախազը հակադարձեց՝ ասելով, որ այդ մուտք մտնում են նաև դատական կարգադրիչները, ինչին ի պատասխան փաստաբան ասաց. «Իսկ փաստաբանները մտնո՞ւմ են: Ոչ»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ միանալով միջնորդությանը, ասաց, որ միջնորդությունը քննելիս դատավորը թող հիշի մեկ կարևոր բան. «Դուք այն անձն են, ում ձեռքին չգիտես ոնց հայտնվել է պաշտպանյալի գրած նամակը փաստաբանին, և այն հրապարակվել է: Դուք նամակ եք գրել, ինքներդ Ձեզ համարել եք դիմող ֆիզիկական անձ, այլ ոչ թե խորհրդակցական սենյակ գնալով եք այդ որոշումը կայացրել»:

Դատախազներն առարկություններ ներկայացրին միջնորդության վերաբերյալ և ի թիվս այլ առարկությունների նաև նշեցին, որ ամբաստանյալները բռնության չեն ենթարկվել:

Ինչ վերաբերում է հրապարակված գրությանը, հիշեցնենք, որ ամբաստանյալը նամակ էր հանձնել պաշտպան Արա Ղարագյոզյանին, որը ոստիկանները վերցրել էին, ինչից հետո Դատական դեպարտամենտի կողմից այն հրապարակվել էր:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը լքեցին դատական նիստերի դահլիճը՝ ասելով, որ նիստին առանց իրենց պաշտպանյալների չեն մասնակցի:

Միջնորդության քննության ավարտից հետո դատավորը երկու ժամ ընդմիջում հայտարարեց և գնաց խորհրդակցական սենյակ: Բացարկի մասին միջնորդության որոշումը կհրապարակվի երկու ժամից: