Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը համաձայնության չեն հասել Սիրիայի անվտանգության գոտիների վերաբերյալ
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնության չեն եկել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ չորեքշաբթի կայացած բանակցություններում՝ Անկարայի բարձրացրած առարկությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին:
Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, և Թուրքիան, որն աջակցում է որոշ ապստամբ խմբերի, ցանկանում են փոխհամաձայնության հասնել գոտիների ստեղծման վերաբերյալ մինչև օգոստոսի վերջ, երբ նրանց պատվիրակությունները պետք է կրկին հանդիպեն Ղազախստանի մայրաքաղաքում:
Համաձայնության չհասնելը ձախողում է Մոսկվայի համար, որը, լինելով նախագծի գլխավոր ճարտարապետը, փորձում է ստանձնել Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարգավորելու համաշխարհային ջանքերի նախաձեռնությունը:
«Այս խորհրդակցությունների ժամանակ թուրքական կողմը հայտնել է, որ նրան անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ համապատասխան որոշում կայացնելու համար»,- ասել է բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:
Դամասկոսի պատվիրակության առաջնորդ Բաշար ալ-Ջաֆարին իր հերթին նշել է, որ Թուրքիայի պատվիրակությունն առարկել է անվտանգության գոտիների վերաբերյալ համաձայնագրի մեխանիզմների իրականացման մասին որևէ փաստաթղթի ընդունմանը:










