Ուլյանովսկը վերածվել է Վենետիկի. անձրևների հետևանքով քաղաքը կիսով չափ ջրի տակ է անցել (լուսանկարներ, տեսանյութեր)
Հուլիսի 5-ին Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում ամբողջ օրն անձրև է եկել, ինչի հետևանքով քաղաքի տասնյակ փողոցներ հեղեղվել են, իսկ ուժեղ քամին տապալել է ծառեր և շուռ տվել կանգառները:
Kp.ru-ի հաղորդմամբ՝ ջրհեղեղի պատճառով փողոցները վերածվել են գետերի՝ ջրի տակ թողնելով ավտոմեքենաները: Որոշ հատվածներում չի երևում՝ որտեղ են գտնվում փողոցի երթևեկելի և հետիոտնային հատվածները:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները ժամեր են ծախսել տուն հասնելու համար. էլեկտրատրանսպորտը դադարեցրել է աշխատանքը, երթուղայինները լցվել են թրջված ուղևորներով, տաքսիների վարորդները մի քանի անգամ բարձրացրել են ուղեվարձը, իսկ ոմանք նույնիսկ դուրս են թողել ուղևորներին՝ հրաժարվելով քշել ջրափոսերի վրայով:
«Հարգելի գործատուներ, եղանակը շարունակում է բարդ մնալ, և ոչ բոլոր վայրերում է վերականգնվել տրանսպորտային համակարգի գործունակությունը: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, եթե ձեր աշխատակիցներն այսօր ուշանան աշխատանքից և տույժեր չկիրառել նրանց հանդեպ: Դրանից բացի, կայացվել է վատ եղանակի պատճառով խնդիրներ ունեցող որոշ մանկական ճամբարներից երեխաներին դուրս բերելու որոշում: Խնդրում եմ ազատ օր տրամադրել ծնողներին, եթե նրանք երեխային ճամբարից վերցնելու անհրաժեշտություն ունենան», - հայտարարել է Ուլյանովսկի մարզպետ Սերգեյ Մորոզովը:



























