Լոռու մարզում ՊՆ-ին պատկանող մեքենայի վթարի հետևանքով 1 պայմանագրային զինծառայող և 1 քաղաքացի հոսպիտալ են տեղափոխվել

10:26 • 07.07.17

Այսօր առավոտյան  Լոռու մարզի Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհահատվածին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին զինվորական հոսպիտալից.«Երկու քաղաքացի՝ մեկը պայմանագրային զինծառայող, մյուսը բանվորական աշխատանքներ իրականացնող անձ, տեղափոխվել են հոսպիտալ: Պայմանագրային զինծառայողը վարորդն է եղել, իսկ մյուս անձը նստած է եղել վարորդի կողքին»:

Հարցին՝ ինչպես է գնահատվում վիրավորների առողջական վիճակը, զինվորական հոսպիտալից պատասխանեցին, որ այս պահին նրանք հետազոտվում են, ինչից հետո նոր կգնահատվի նրանց առողջական  վիճակը և կորոշվի, թե ինչ բուժում պետք է ստանան և որտեղ:

 Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: