ԱԺ-ն հաստատեց 2016թ-ի բյուջեի կատարողականը, քննարկման է դրված ԿԲ-ի գործունեության տարեկան հաղորդումը (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ 52 կողմ 22 դեմ քվեարկությամբ:
Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք բնականաբար դեմ են բյուջեի կատարողականի հաշվետվությանը և նկատեց, որ ճիշտ կլիներ, որ ընդդիմությունը չքվեարկեր, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն, որ կատարողականը հաստատվի:
«Առաջարկում ենք չմասնակցել քվեարկությունը, որպեսզի դե յուրե չհաստատվի: Այս պահին ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն բավարար չեն կատարողականը հաստատելու համար»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, սակայն, հայտարարեց, թե չեն պատրաստվում չքվեարկել:
«Ծառուկյան խմբակցությունում հարցը քննարկվել է, և, ըստ էության, 2016թ-ն արդեն իրականություն է, չքվեարկելու հիմք չենք տեսնում և բնականաբար դեմ ենք»,-ասաց նա:
Հարցը դրվեց քվեարկման և կատարողականն ընդունվեց:
Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, թե ցանկանում է ընդամենն արձանագրել, որ իր հաշվարկը ճիշտ էր և եթե ընդդիմությունը չքվեարկեր, բյուջեի կատարողականը չէր հաստատվում, քանի որ 52 ձայնը բավարար չէր:
Նշենք, որ հաջորդիվ քննարկման է դրված Կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումը։










