ԱՄՆ-ում բորտուղեկցորդուհու վրա հարձակված ուղևորուհին հեռացվել է չվերթից (տեսանյութ)

17:11 • 07.07.17

Ամերիկյան American Airlines ավիաընկերության ուղևորուհին հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա և հայհոյել ճամփորդակիցներին, ինչի պատճառով հեռացվել է չվերթից: Միջադեպի ականատես Մայքլ Նեշի պնդմամբ՝ կնոջն ինքնաթիռից դուրս է հանել ՀԴԲ-ի գործակալը: Այս մասին Նեշը գրել է Facebook-ում՝ հրապարակելով տեղի ունեցածը ցուցադրող տեսանյութը:

Ականատեսի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի Հարթսֆիլդ-Ջեքսոնի միջազգային օդանավակայանում: Կինը հրաժարվել է չվերթից առաջ զբաղեցնել իր տեղը և հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա: Նա նաև հայհոյել է ավիաընկերության աշխատակիցներին և մյուս ուղևորներին:

CBS Chicago-ի հաղորդմամբ՝ հասարակական կարգը խախտած կնոջ հետ դեկորատիվ շուն է եղել, որին նա չի տեղադրել կենդանիներին տեղափոխելու համար նախատեսված հատուկ պայուսակի մեջ, ինչպես դա պահանջում են American Airlines-ի կանոնները:

Արդյունքում կինը հեռացվել է չվերթից, ինչի պատճառով ինքնաթիռի մեկնումը Չիկագո հետաձգվել է չորս ժամով: Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ կինը չի ձերբակալվել և նշանակման վայր է մեկնել այլ ինքնաթիռով: