Ալիևին ձայնակցող խավիարասերների նոսրացող բանակում հայտնվել է Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն-ազգանունով. Ս. Ֆարմանյան

12:26 • 07.07.17

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում հայկական ԶՈւ պատժիչ գործողությունների հետևանքով Բաքվի քարոզչությանը (2 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ շահարկվող) և նշել, որ պրոադրբեջանական խավիարասերների՝ գնալով նոսրացող բանակին ավելացել է ՌԴ պետդումայի Դմիտրի Սավելև անուն-ազգանունով մի «մանրուք»: Նրան Սամվել Ֆարմանյանը հորդորում է չընտրել Պեդրո Ագրամունտի ուղին:

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավորի գրությունն ամբողջությամբ.

Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո, ուշադրությունիցս չվրիպեց մի «մանրուք»՝ բառի իսկական իմաստով:

Այն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խճճվել է սեփական հաշվարկներում՝ դա գիտեինք վաղուց. փորձելով արդեն տևական ժամանակ տորպեդահարել բանակցային գործընթացը և շանտաժի ենթարկել միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, ստացել է ոչ թե այդ նույն կառույցների աջակցությունը, այլ հակառակը՝ ինքն իրեն հակադրելով միջազգային հանրությանը և Մինսկի խմբին, հայտնվել է բացառիկ և գնալով խորացող մեկուսացման մեջ, բանակցությունների սեղանի շուրջ չստանալով այն, ինչ ուզում է:


Այն, որ Ադրբեջանը, պարբերաբար դիմելով ռազմաքաղաքական արկածախնդրությունների, խախտելով հրադադարի անժամկետ համաձայնագիրը և չհարգելով իր իսկ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունների կատարումը, սեփական զինվորին դարձրել է անարժեք թնդանոթի միս, դա էլ գիտեինք:


Այն, որ մարդկային դեմքը կորցրած Ալիևի վարչակարգը թնդանոթի միս է դիտարկում ոչ միայն իր զինվորին, այլև շփման գծի երկայնքով ապրող իր քաղաքացիական բնակչությանը, դա էլ նորություն չէր: Հակառակ պարագայում, իր կրակակետերը չէր տեղադրի քաղաքացիական բնակչության ու համայնքների թիկունքում՝ այն դարձնելով կենդանի, անբարոյական վահան:


Բայց այն, որ Ալիևին ձայնակցող խավիարասերների գնալով խայտառակվող, նոսրացող ու մարող միջազգային բանակում կարող է հայտնվել ոչ ավել ոչ պակաս ՌԴ Պետդումայի մի ինքնակոչ «մանրուք»՝ Դմիտրի Սավելև անուն ազգանունով, սա արդեն նորություն էր:


Թվում է՝ ակնհայտորեն պարզ չէ, թե այդ ինչ տրամաբանությամբ է վերջինս խոսում «ղարաբաղյան սեպարատիզմի» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շուտափույթ վերականգնելու» մասին, Հեյդար Ալիևին մեծարում որպես «ժողովրդի հայր» և այլ ոչ հոդաբաշխ մտքեր շաղ տալիս, այդպիսով, ինքն իրեն հակադրելով ոչ միայն արտգործնախարար Լավրովի հայտարարություններին, այլ ընդհանրապես, իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականությանը:


Տպավորություն է, որ պատգամավոր Սավելևը, վերջին տարիներին լեթարգիական կատարյալ քնի մեջ է եղել և բնավ տեղեկացված չէ, թե ինչպես են այդ նույն «ժողովրդի հոր» ուղիղ գծով ժառանգներն ու հետևորդները, միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում միջխորհրդարանական, հենց ՌԴ-ին մեղադրում «սեպարատիզմի», «ագրեսիայի» և բազում այլ մեղքերի մեջ՝ Ղրիմյան, ու ոչ միայն, իրադարձությունների հետ կապված: Ամենաթարմ օրինակներն, ընդ որում, երկու-երեք օրվա վաղեմություն ունեն:


Այնպես, որ պատգամավոր Սավելևը ճիշտ կլիներ շարունակեր զբաղվել իրեն հոգեհարազատ բնապահպանական հարցերով և քիթը չխոթեր թեմաների մեջ, որոնցից, ակնհայտորեն գլուխ չի հանում` իրեն չդնելով տխրահռչակ Պեդրո Ագրամունտի ուղու, իսկ սեփական կուսակցությանն ու պետությանն էլ՝ անհարմար դրության մեջ: