«Բարի գալուստ դժոխք».Համբուրգում G20-ին ընդառաջ ցուցարարների ու իրավապահների միջև բախումները՝ ֆոտոշարքով (նկարներ, տեսանյութ)
Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել գերմանական Համբուրգ քաղաքի փողոցներ՝ բողոքելու հուլիսի 7-ին մեկնարկող G20 գագաթնաժողովի դեմ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հակակապիտալիստական ցույցը կարճ ժամանակում վերածվել է բռնության դաժան տեսարաններով բողոքի ակցիայի: Ցուցարարները հրդեհումներ են իրականացրել, մինչդեռ իրավապահները նրանց դեմ ջրցան մեքենաներ են կիրառել:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Բարի գալուստ դժոխք» բողոքի ակցիային մասնակցել է մոտ 100.000 մարդ, որոնք ոստիկանների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել: Մինչդեռ հասարակական կարգը պահպանող ոստիկանների թիվը զգալի քիչ է եղել՝ 20.000 մարդ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, օրերս Համբուրգում զոմբիների կերպարով հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով քաղաքում G20 գագաթնաժողովի դեմ: Փերֆորմանսի մասնակիցները ոտքից գլուխ ծածկված են եղել մոխրագույնով: Նրանք գագաթնաժողովի մեկնարկից մի քանի օր առաջ փոքր խմբերով հայտնվել են քաղաքի փողոցներում` իրենց լուռ սարսափազդու տեսքով:
Մոտ հազար «զոմբի» քայլել է քաղաքի բոլոր կողմերից դեպի կենտրոնական հրապարակ: Այնտեղ հավաքվելուց հետո «զոմբիները» սկսել են պարել և հանել իրենց մոխրագույն հագուստը՝ մնալով կամ գունավոր հագուստով, կամ մերկ մարմնով:





























