ՄԱԿ-ը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ

12:26 • 07.07.17

ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: Նա կոչ է արել կողմերին խուսափել ցանկացած ռազմական գործողությունից և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման և ապագայում բռնության կանխման ուղղությամբ:


«Ինձ հարցրել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածության վերաբերյալ մեր արձագանքի մասին: Կարող եմ ասել, որ ինչպես հունիսի 22-ի իր հայտարարությունում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ մենք գնալով ավելի շատ ենք անհանգստացած անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացմամբ, այդ թվում՝ շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավելի լայն գոտում հրադադարի վերջին խախտումների առնչությամբ»,- հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը Նյու Յորքում ճեպազրույցի ընթացքում:


«Մենք ի գիտություն ենք ընդունել և աջակցում ենք համանախագահների վերջին հայտարարությանը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղում բռնության վերսկսման առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում»,- հավելել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:


Նա նշել է, որ ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած ռազմական գործողությունից, և խստորեն հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա բռնությունը կանխելու համար:


Ստեֆան Դյուժարիկն ընդգծել է, որ բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադարձն «այս ձգձգված և վտանգավոր հակամարտության» կարգավորման միակ ճանապարհն է:


Ավելի վաղ Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):


Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ:

 

Կարող եք կարդալ նաև՝

ԱՄՆ–ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ