Հս. Կորեան դիտարժան հրավառությամբ նշել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձարկումը (լուսանկարներ)
Հազարավոր հյուսիսկորեացիներ՝ զինծառայողներ ու շարքային քաղաքացիներ, հավաքվել են Կիմ Իր Սենի անվան հրապարակում՝ նշելով հայրենական արտադրության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) առաջին բարեհաջող փորձարկումը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մինչ ազգային տարազներով հյուսիսկորեացիները պարել են հրապարակում, գիշերային երկնակամարը զարդարել է բազմագույն հրավառությունը:
Ավելի վաղ երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ Hwasong-14 հրթիռի արձակումը բարեհաջող է անցել:
Ըստ ոլորտի փորձագետների՝ այս զարգացումը կարող է բեկումնային պահ դառնալ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակում:
Ամերիկացի գիտնականների խոսքով՝ հրթիռը բավականաչափ հզոր է Ալյասկա հասնելու համար: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հրթիռի արձակումը, նշել է, որ Փհենյանի համար դա շատ վատ հետևանքներ է ունենալու:
Հայտնի է, որ հյուսիսկորեական հրթիռն արձակվել էր երկուշաբթի: Այն անցել էր ավելի քան 900 կմ ու ընկել Ճապոնական ծովը: Հայտնի է, որ հրթիռի արձակման գործընթացը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
























