Լոռիում վիճաբանության ժամանակ ականջը կտրելու դեպքով գործն ուղարկվել է դատարան
2017թ. հունվարի 14-ին Լոռու մարզում վիճաբանության ժամանակ քաղաքացու ականջը կտրելու գործն ուղարկվել Սպիտակի դատարան և մակագրվել դատավոր Լուսինե Աբգարյանին:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Արթուր Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի հունվարի 14-ին, ժամը 21-ի սահմաններում, ընկերների հետ ծեծի են ենթարկել Ա. Տիտանյանին:
Այնուհետև, Արթուր Շահվերդյանը օգտվելով Ա. Տիտանյանի անօգնական վիճակից՝ իր մոտ գտնվող դանակով կտրել է նրա ձախ ականջախեցին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Արթուր Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: Այն է՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն առանձին դաժանությամբ և խուլիգանական դրդումներով, որը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Արթուր Շահվերդյանը նախկինում դատված է, դատվածությունը չմարված: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:










