Իվանկա Թրամփը կարճ ժամանակով փոխարինել է ԱՄՆ նախագահին G20-ի գագաթնաժողովում

22:17 • 08.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկան, կարճ ժամանակով զբաղեցրել է հոր տեղը Համբուրգում «մեծ քսանյակի» երկրների ներկայացուցիչների նիստերից մեկում:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, դա տեղի է ունեցել շաբաթ, երբ Թրամփը լքել է Աֆրիկայի միգրացիոն հարցերին նվիրված նիստը` Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ բանակցություններ անցկացնելու համար:

Զբաղեցնելով հոր տեղը` Իվանկան հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հարևանությամբ:   

Աղբյուրի հաղորդմամբ` կատարվածն աննախադեպ է, քանի որ նման իրավիճակ G20-ի գագաթնաժողովների ժամանակ չի եղել:

Իվանկան, ով աշխատում է Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկն է, սակայն երբ երկրի ղեկավարը ստիպված է լինում բացակայել նիստից, նրան ավելի բարձր աստիճանի պաշտոնյա է փոխարինում:

Նշվում է նաև, որ Իվանկայի և ԱՄՆ նախագահի արարքը դժգոհության ալիք է բարձրացրել սոցցանցի օգտատերերի շրջանում: