Չեմ կարծում, որ Ադրբեջանին հարմար էր ԼՂ հիմնախնդրի թեման բարձրացնել G20-ում․ Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

21:05 • 08.07.17

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի խոսքով՝ իսկապես G20-ի ամենասպասված իրադարձությունը երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն էր:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց․«Մի շարք կարևոր հարցեր քննարկվեցին, որոնք վերաբերում են տարբեր տարածաշրջաններին, մասնավորապես՝  Հյուսիսային Կորեա, Սիրիա, Ուկրաինա, ինչպես նաև՝ քննարկվեց ամենակարևորը, որի վրա իրենք շատ կենտրոնացան՝ Միացյալ Նահանգների ընտրական գործընթացներում Ռուսաստանի Դաշնության հնարավոր միջամտությունն էր»:

Գևորգ Մելիքյանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպման միջոցով ցանկանում էր հասնել պատժամիջոցների վերացման հարցին:

«Ռուսական կողմը կարծես թե ավելի բավարարված է այս հանդիպումից: Ամերիկյան կողմը ավելի զուսպ է արտահայտվում, շատ ավելի չեզոք բառապաշարով  է փորձում նկարագրել հանդիպումը, իսկ ռուսական կողմը, հանձինս Սերգեյ Լավրովի, ավելի էմոցիոնալ, ջերմ էր արտահայտվում, որովհետև հասկանալի էր, որ ռուսական կողմի համար հանդիպումը փոքր-ինչ ձեռքբերում էր: Չնայած որ երկու երկրների միջև հանդիպում չէր, գագաթաժողովի ընթացքում էին հանդիպում, սակայն իրենց համար կարևոր էր ցույց տալ նաև եվրոպական իրենց գործընկերներին, որ իրենց հարաբերությունները այդքան էլ սառը չեն և դեռ տեղ ունեն զարգանալու, այնպիսի կետի չեն հասել, որից հետդարձն այլևս հնարավոր չէ»,- ասաց նա:

Գևորգ Մելիքյանը պնդեց նախկինում արած իր կարծիքը՝ G20-ում ԼՂ հիմնախնդրի քննարկելու ցանկությունը «երազանքների ոլորտից է»: «Մաղթանքների վայր չէ, թե ինչպես կուզեինք, որ լիներ: Փաստը այն է, որ Հարավային Կովկասը հետաքրքրություն չի ներկայացնում համաշխարհային քաղաքականությունում, մեզ համար կարևոր է այն, Ռուսաստանի համար է կարևոր, բայց այն կարևորություն չունի Միացյալ Նահանգների, Եվրամիության համար այս խառնաշփոթի մեջ»,- ասաց նա:

Փորձագետը չհամաձայնեց նաև դիտարկումների հետ, որ Ադրբեջանը վերջին շրջանում լարելով իրավիճակը սահմանում, ցանկանում էր Ղարաբաղյան հիմնախնդիրը G20-ի օրակարգ մտցնել: «Չեմ կարծում, որ Ադրբեջանին հարմար է խնդիրը բարձրացնել այդքան բարձր մակարդակի վրա»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում։